News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2015-ի Սահմանադրության փոփոխություններով էապես փոխվեց հանրաքվեի ինստիտուտը: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այս օրինագծով նախատեսվել է, որ սՍահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը եւ կառավարությանը, այլեւ 200 հազար քաղաքացիներ:

Բացի այդ, նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ԱԺ ներկայացվել 50 հազար քաղաքացիների կողմից եւ եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50 հազարին գումարվում է եւս 300 հազար քաղաքացի, եւ նախագիծը դրվում է հանրաքվեի:

«Երրորդ, նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցերը ներառյալ նաեւ այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ Սահմանադրության 2015-ի փոփոխություններով հստակ սահմանվում է, որ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանադրական օրենք է:

Նա նշեց նաեւ, որ այս օրենքի նախագիծը սահմանում է հանրաքվեի անցկացման կարգը, այն, թե որ հարցերը կարող են դրվել հանրաքվեի, որոնք չեն կարող, քարոզչության կարգը, դրա ֆինանսավորման հարցերը եւ այլն:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով, հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու. «Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի եւ «ոչ.-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում»:

Հարցին, թե արդյոք հանրաքվեի անցկացում է նախատեսվում որեւէ վերպետական կառույցից դուրս գալու դեպքում, եթե այդ կառույցին անդամակցել ենք ոչ հանրաքվեի միջոցով, փոխնախարարը պատասխանեց, որ անկախ նրանից, թե ինչ ընթացակարգով ենք անդամակցել վերպետական այս կամ այն կառույցին, այս օրենքը սահմանում է, որ դրանից դուրս կարող ենք գալ միայն հանրաքվեի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ