ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում չի բացառել «ՔՊ» կուսակցության համագործակցությունն այլ քաղաքական ուժերի հետ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ ընդգծելով, որ տեղական մակարդակում խոսքը նախևառաջ համայնքների կառավարման մասին է։

«Մենք խոսում ենք համայնքների կառավարման մասին տեղական ինքնակառավարման մարմիններում»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կամ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին։

Ըստ նրա՝ տեղական մակարդակում նման քաղաքական համերաշխության պահանջը ձևավորում են հենց ընտրողները։ Փաշինյանը նշել է, որ համայնքների բնակիչները ցանկանում են, որպեսզի քաղաքական ուժերը հաշվի առնեն իրենց կարծիքը և տեղական ընտրությունները չվերածեն առճակատման։

«Մարդիկ քաղաքական պայքարի ինչ-որ փուլում ցանկանում են տեսնել համերաշխություն։ Եվ այդ համերաշխության հեղինակները հենց իրենք են։ Նրանք են ստեղծում այս իրավիճակը»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, որ նախկինում «ՔՊ»-ին բազմիցս մեղադրել են այլ քաղաքական ուժերի հետ համերաշխություն և կոնսենսուս փնտրելու ցանկություն չունենալու մեջ։

«Այնտեղ, որտեղ հնարավոր է համերաշխություն, մեզ շատ են մեղադրել, թե մենք բաժանում ենք սևերի և սպիտակների, չենք փնտրում համերաշխություն և կոնսենսուս։ Իսկ այնտեղ, որտեղ դա հնարավոր է, մենք ոչ թե պարզապես փնտրում ենք, այլ ժողովուրդն է պատրաստում և ձևակերպում այդ համերաշխությունը և ասում է՝ դուք պետք է հաշվի նստեք մեր կարծիքի հետ։ Եվ մենք հաշվի ենք նստում մարդկանց կարծիքի հետ»,- ասել է Փաշինյանը։

Որպես օրինակ վարչապետը բերել է Գորիսն ու Ապարանը, որտեղ խորհրդարանական և տեղական ընտրությունների արդյունքները զգալիորեն տարբերվել են։ Ըստ նրա՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ համայնքների բնակիչների մեծամասնությունը աջակցել է «ՔՊ»-ին, սակայն մի քանի ամիս անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրել են այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների։

Փաշինյանը նշել է, որ հանդիպումների ընթացքում բնակիչները դա բացատրում են նրանով, որ աջակցում են «ՔՊ»-ին համազգային մակարդակում, սակայն ցանկանում են ինքնուրույն որոշել իրենց համայնքների քաղաքական ղեկավարությունը։

«Մենք ձեր քաղաքական կողմնակիցներն ենք, բայց ՏԻՄ-ի մասով մենք այլ հայացքներ ունենք։ Մենք դրա իրավունքը ունե՞նք, թե ոչ»,- փոխանցել է նրանց դիրքորոշումը վարչապետը։

Ըստ նրա՝ բնակիչները նաև խնդրում են իրենց չդնել այնպիսի ընտրության առաջ, որտեղ պետք է ընտրեն ազգային մակարդակում «ՔՊ»-ին աջակցելու և տեղական ընտրություններում այլ ուժերի օգտին քվեարկելու միջև։

««Քաղաքացիական պայմանագիրն» այն քաղաքական ուժն է, որին մենք հավատում ենք, և մեզ մի դրեք այնպիսի վիճակի մեջ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դառնա այն քաղաքական ուժը, որի դեմ մենք կքվեարկենք»,- բնակիչներին է մեջբերել Փաշինյանը։