«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է այն անձանց թարմացված ցուցակը, որոնց քաղաքական բանտարկյալներ է համարում։ Հոկտեմբերի 5-ին հրապարակված փաստաթղթում նշված է 322 մարդ, ներառյալ՝ 15 կին, հայտնում է Meydan TV-ն։

Ցուցակը պատրաստել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղաքական բանտարկյալների մոնիթորինգի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Էլշան Հասանովը։ Հեղինակները հայտարարում են, որ փաստաթուղթը կազմելիս օգտագործել են «քաղաքական բանտարկյալ» հասկացության սահմանման չափանիշները, որոնք ամրագրված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականին ընդունված №1900 բանաձևում։

Բանտարկյալները բաժանված են 12 կատեգորիայի։ Ամենամեծ խումբը հավատացյալներն են՝ 178 մարդ։ Ցուցակում ներառվել են նաև ընդդիմադիր կուսակցությունների 46 անդամ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, 31 լրագրող և բլոգեր, յոթ իրավապաշտպան, ազգային փոքրամասնությունների վեց ակտիվիստ և երկու հակապատերազմական ակտիվիստ։

Բացի դրանից, փաստաթղթում նշված են Իմիշլիի գործով դատապարտված՝ 12, Թերթերի գործով՝ ութ, Գյանջայի գործով՝ 13 մարդ, Եվրոպայից արտաքսված վեց քաղաքական ներգաղթյալ, Սոյուդլու գյուղի դեպքերի գործով մեկ կասկածյալ և 12 ցմահ ազատազրկված։

Մայիսի 13-ին հրապարակված նախորդ ցուցակի համեմատ մարդկանց թիվը նվազել է վեցով՝ 328-ից դառնալով 322։ Հեղինակները հայտնել են, որ անցած գրեթե չորս ամսվա ընթացքում 28 մարդ ազատ է արձակվել՝ ազատազրկման ժամկետի ավարտից հետո։ Նրանց թվում եղել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և հավատացյալներ։

Միաժամանակ ցուցակում ներառվել են նոր դեմքեր՝ ընդդիմության, քաղաքացիական հասարակության, ազգային փոքրամասնությունների և հավատացյալների շարքերից։ Մասնավորապես, իրավապաշտպանները հայտնել են, որ ցուցակում ներառվել է թալիշ ակտիվիստ Հաֆիզ Իսմայիլովը։

Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում, որ երկրում կան քաղաքական բանտարկյալներ։ Պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ դատապարտվածները պատասխանատվության են ենթարկվում կոնկրետ քրեական հանցագործությունների, այլ ոչ թե՝ քաղաքական հայացքների համար։