Մեծ Բրիտանիայում 22-ամյա երկրի քաղաքացի է ձերբակալվել ահաբեկչական ակտ նախապատրաստելու կասկածանքով՝ Գլոստերշիր կոմսությունում RAF Fairford ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով բրիտանական հակաահաբեկչական ստորաբաժանումներին։
Տղամարդուն ձերբակալել են երեքշաբթի՝ Լոնդոնի Վեսթմինսթերում, սեպտեմբերի 27-ին ավիաբազայի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի քննության շրջանակում։ Դա գործով արդեն յոթերորդ ձերբակալությունն է, սակայն առայժմ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Սեպտեմբերի 27-ի գիշերը ոստիկանությունը հաղորդում էր ստացել ավիաբազայի մոտ գտնվող երեք «կասկածելի ավտոմեքենաների» մասին։ Տարածքում հայտարարվել էր խոշոր միջադեպի ռեժիմ, մոտակա տների տասնյակ բնակիչներ տարհանվել էին։
Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ծառայության ավագ ազգային համակարգող Վիկի Էվանսը հայտարարել է, որ քննությունը «ակտիվ փուլում է», իսկ ոստիկանությունը շարունակում է տեղի ունեցածի մի քանի վարկածներ ստուգել։
Միջադեպի օրը բազայի մոտ ձերբակալվել էին 23-25 տարեկան հինգ տղամարդիկ։ Սկզբում նրանց կասկածում էին պայթուցիկ նյութերին առնչվող հանցագործությունների, իսկ հետո՝ ահաբեկչական ակտ նախապատրաստելու մեջ։ Ավելի ուշ բոլոր հինգին ազատ են արձակել գրավի դիմաց։ Մեկ տղամարդ էլ՝ 25-ամյա Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացի, ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին Վեսթմինսթերում և նույնպես հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց։
RAF Fairford-ը տասնամյակներ շարունակ օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Վերջին ամիսներին բազայից ամերիկյան B-1 և B-52 ռմբակոծիչները թռիչքներ էին կատարում դեպի Մերձավոր Արևելք, երբ Մեծ Բրիտանիան թույլատրել էր օգտագործել Fairford-ը Իրանի ուղղությամբ պաշտպանական հարվածներ հասցնելու համար։
Կիրակի հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը բազայից դուրս է բերել ռմբակոծիչները և վերադարձրել դրանք Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատճառը «որոշ սպառնալիքներն» էին, առանց հստակեցնելու դրանց բնույթը։
Լրագրողների հարցին, թե արդյոք ինքնաթիռների դուրսբերման պատճառը կոնկրետ սպառնալիքն էր, Թրամփը դրական պատասխան է տվել։ Նրա ասելով՝ ռմբակոծիչները բազան չեն լքել «պատահականորեն». ԱՄՆ-ը որոշել է «չգայթակղել հակառակորդին» և ինքնաթիռները տեղափոխել այլ վայր։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ավելի վաղ վերաբազավորումը բացատրել էր «նախազգուշական նկատառումներով»։
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ որոշումը կարող էր կապված լինել ՝ Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ենթադրյալ հարձակում նախապատրաստելու մասին հետախուզական տվյալների հետ։ BBC-ն նշում է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել այդ հաղորդումները։
Միաժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ RAF Fairford-ն անվտանգ է, և հղում էր արել ավիաբազայի հետ կապված բրիտանական ոստիկանության, պաշտպանության և անվտանգության ուժերի աշխատանքի վերաբերյալ Թրամփի դրական գնահատականին։





























