Սպիտակ տունը մերժել է դեմոկրատների մեղադրանքները, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել «ոչնչացնել» ամերիկյան Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Պատճառ են դարձել երկուշաբթի Նեբրասկայում անցկացված նախընտրական հանրահավաքում Թրամփի խոսքերը։ Միջանկյալ ընտրություններում թեկնածուներին աջակցելու ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ֆոնին նավթի բարձր գները արդարացված վճար են՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար։
«Գինը փոքր-ինչ բարձր է։ Դա փոքր գին է մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ասել է Թրամփը։
Այնուհետև նա հավելել է. «Նրանք կարող են ոչնչացնել քաղաքը։ Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն։ Դա շատ փոքր գին է, և շատ շուտով ամեն ինչ կավարտվի»։
Կալիֆոռնիա նահանգը վերահսկող դեմոկրատները, որտեղ գտնվում են երկու քաղաքներն էլ, նախագահի խոսքերը վերոնշյալ քաղաքներին հարված հասցնելու՝ Իրանի հասցեին ուղղված կոչ են գնահատել։
«Դոնալդ Թրամփն այժմ ասում է, որ մեր օտարերկրյա թշնամիները պետք է «ոչնչացնեն» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն։ Նա ադեկվատ չէ և վտանգավոր է», — X սոցիալական ցանցում գրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ «ամերիկյան քաղաքի միջուկային ոչնչացումը կատակելու թեմա չէ»։
Սպիտակ տանը մերժել են նախագահի խոսքերի նման մեկնաբանությունը և լրատվամիջոցների արձագանքն անվանել «հիստերիա», որը որևէ առնչություն չունի իրականության հետ։
«Նա միանգամայն հստակ խոսում էր այն մասին, որ ամերիկյան քաղաքները կհայտնվեին վտանգի տակ, եթե միջուկային Իրանը չկանգնեցվեր»,- հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Սթիվեն Չունգը։





























