Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի վստահության քվեարկության ժամանակ աջակցել է վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությանը՝ վիճահարույց ընտրական բարեփոխման առաջին հոդվածի վերաբերյալ։

Հոդվածին կողմ է քվեարկել 226 պատգամավոր, դեմ՝ 147-ը, ևս երեքը ձեռնպահ են մնացել, հաղորդում է ANSA-ն։

Մելոնիի կառավարությունը վստահության քվեերը կապել է օրինագծի բոլոր երեք հոդվածների հետ։ Մնացած երկու հոդվածների քվեարկությունները պետք է անցկացվեն ավելի ուշ՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։ Եթե կառավարությունը դրանցից որևէ մեկով վստահություն չստանա, Իտալիայում կարող է առաջանալ արտահերթ ընտրությունների հարցը։ Հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հաջորդ տարի։

Առաջարկվող բարեփոխումը նախատեսում է պատգամավորական մանդատների լրացուցիչ բաշխում՝ հօգուտ այն բլոկի, որը խորհրդարանական ընտրություններում կհավաքի առնվազն 42% ձայն։ Օրենքի ընդունման դեպքում հաղթած կոալիցիան լրացուցիչ կստանա 70 տեղ Պատգամավորների պալատում և 35 տեղ Սենատում։ Դա պետք է նրան աշխատանքային մեծամասնություն ապահովի նույնիսկ 50%-ից ցածր արդյունքի դեպքում։

Մելոնին հայտարարել է, որ նման համակարգը թույլ կտա նվազեցնել կառավարությունների փոփոխության հաճախականությունը՝ անցյալի համեմատ։

Քննադատները բարեփոխումն անվանում են «Ստաբիլկում» (այստեղ բառախաղ է արված. Եվրոպայում «Stabilium 200» անունով հայտնի է սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնող կենսաբանորեն ակտիվ հավելումը -խմբ), ինչպես նաև «Մելոնելլում»՝ պնդելով, որ այն մշակված է այնպես, որպեսզի օգնի վարչապետին պահպանել իշխանությունը։ Մելոնին գրեթե չորս տարի գլխավորում է նույն կոալիցիան, որը բաղկացած է երեք աջ և պահպանողական կուսակցություններից, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավելի երկար է, քան Իտալիայի որևէ այլ վարչապետի դեպքում։

Երեք հոդվածների քվեարկություններից հետո հինգշաբթի կանցկացվի օրինագծի վերաբերյալ ամբողջական գաղտնի վերջնական քվեարկություն։ Ընդդիմությունը հույս ունի, որ բարեփոխման դեմ հանդես կգան նաև իշխող կոալիցիայի կուսակցություններից որոշ պատգամավորներ։

Մելոնին Պատգամավորների պալատում քվեարկությունը վերածել է իր կառավարության աջակցության ստուգման։ Միաժամանակ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ակնկալում են օրենքի ընդունումը։ Սենատն արդեն հաստատել էր օրինագիծը սեպտեմբերի կեսերին։