Նիգերիայում երկրի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է, ինչի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են։ Ողբերգության մասին երեքշաբթի հայտնել է Associated Press-ը։
ATR-42 ինքնաթիռը կատարում էր պլանային չվերթ դեպի երկրի տնտեսական մայրաքաղաք Լագոս։ Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ օդանավում եղել են 20 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
Ինքնաթիռն անհետացել է ռադարներից, որից հետո դրա բեկորները հայտնաբերվել են Նիգերիայի հարավային Օնդո նահանգի Իգբոկոդա քաղաքում՝ ռազմածովային բազայի մոտակայքում։ Տեղի բնակիչները Associated Press-ին պատմել են, որ ինքնաթիռն ընկել է գետի մոտ և մասամբ հայտնվել ջրում։
Ականատես Ակինբուլեջո Պիուսը հայտնել է, որ մինչև կործանումը լսել է ամպրոպի հարված հիշեցնող ձայն։ Նրա պատմելով՝ ինքնաթիռը դիպել է մի քանի ծառերի, ինչից հետո կործանվել է։
Վթարի պատճառը դեռ չի հաստատվել։ Նիգերիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Սանդեյ Քելվին Անիկեն տեղի ունեցածն անվանել է ռազմաօդային ուժերի և ամբողջ երկրի համար «խորապես ցավալի պահ» և հայտարարել, որ գերատեսչությունը լիակատար աջակցություն կցուցաբերի զոհվածների ընտանիքներին։
Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն եռօրյա ազգային սուգ է հայտարարել և կարգադրել է ամբողջ երկրում իջեցնել պետական դրոշները։ Նա միաժամանակ ռազմաօդային ուժերին հանձնարարել է անհապաղ սկսել աղետի պատճառների մանրակրկիտ հետաքննություն, որպեսզի ապագայում կանխվեն նմանատիպ դեպքերը։
Միևնույն ժամանակ, օդանավում գտնվողների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներում առկա անհամապատասխանությունը դեռևս հստակ չէ։ Նիգերիայի ավիացիայի նախարար Ֆեստուս Կիյամոն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռը տեղափոխում էր 32 մարդ։ Իշխանությունները դեռ չեն պարզաբանել երկու գնահատականների միջև տարբերությունը։
ATR-42-ը լայնորեն օգտագործում էին նիգերիացի զինվորականները՝ հետախուզության, հսկողության, ինչպես նաև անձնակազմի և բեռների տեղափոխման համար։





























