Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ցուցադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկուուկես մետրանոց ոսկեզօծ մերկ արձանը, հայտնում է Spiegel-ը։
«Orange Plague» («Նարնջագույն ժանտախտ») երգիծական քանդակը, որը հայտնի է նաև որպես «Անարդարության արքա», ստեղծել է դանիացի նկարիչ Յենս Գալսխիոտը։
Թրամփը մերկ է՝ նստած տղամարդու ուսերին։ Մի ձեռքում նա պահում է չափազանց երկար գոլֆի մահակ։ Պատվանդանի հետ միասին քանդակը հասնում է մոտ 2,5 մետր բարձրության և, հեղինակի տվյալներով, պատված է 23 կարատանոց ոսկով։
Քանդակը ներկայացվել է երեքշաբթի Եվրոպական խորհրդարանի ամենաաշխույժ տեղերից մեկում։ Ցուցադրությունը կտևի մինչև ուրբաթ։ Ինքը՝ Թրամփը, առայժմ չի մեկնաբանել իր արձանի հայտնվելը։
Գալսխիոտին Եվրոպական խորհրդարանում աշխատանքը ցուցադրելու է հրավիրել Եվրախորհրդարանի՝ Դանիայից ձախ ուժերը ներկայացնող պատգամավոր Պեր Կլաուսենը։
«Եթե որևէ մեկն այնքան նրբամաշկ է, որ չի կարողանում հանդուրժել այս քանդակի ցուցադրությունը Եվրոպական խորհրդարանում, ապա նա անելիք չունի համաշխարհային բեմում»,- հայտարարել է Կլաուսենը։
Քանդակի կողքին տեղադրել են այցեքարտեր՝ մեջբերումով, որը հեղինակը վերագրում է այնտեղ պատկերված «Անարդարության արքային». «Ես նստած եմ մարդու մեջքին։ Նա կքվում է իմ ծանրության տակ։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ նրան։ Բացի նրա մեջքից իջնելուց»։
Գալսխիոտի մտահղացմամբ՝ աշխատանքը Թրամփի քաղաքականության քննադատությունն է։ Նկարիչն ԱՄՆ նախագահին անվանում է կլիմայական ճգնաժամի լուծման ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտներից մեկը։



























