Իսպանիայի կառավարությունը Բարսելոնայում տեղի ունեցած զանգվածային բողոքներից և անկարգություններից հետո, երեքշաբթի բնակարանային ճգնաժամի լուծմանն ուղղված հրատապ միջոցառումների փաթեթ է հաստատել։ Նախորդ երեկոյան երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ՝ պահանջելով մատչելի բնակարաններ և վարձակալների պաշտպանության ուժեղացում, հայտնում է Associated Press գործակալությունը։
Բարսելոնայում բողոքները դարձան Իսպանիայի տարբեր շրջաններում հանգստյան օրերին անցկացված ցույցերի շարունակությունը։ Հանրային դժգոհության աճի պատճառներից մեկը, մասնավորապես, 87-ամյա կնոջ պատմությունն էր, որին վտարել էին Մադրիդում գտնվող իր տնից, որտեղ նա ապրել էր մոտ 70 տարի։
Բարսելոնայում ակցիան ստիպված էին հանգստյան օրերից տեղափոխել երկուշաբթի՝ անբարենպաստ եղանակային պայմանների մասին նախազգուշացման պատճառով։ Սկզբում որպես խաղաղ երթ սկսված բազմահազարանոց բողոքը հետագայում վերածվեց ոստիկանության և առավել արմատական տրամադրված մասնակիցների խմբերի միջև բախումների։ Նրանցից ոմանք քարեր էին նետում իրավապահների ուղղությամբ և հրդեհում աղբարկղերը։
Վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության հաստատած միջոցառումները մեծապես կրկնում են այն առաջարկությունների փաթեթը, որը խորհրդարանը մերժել էր անցած ուրբաթ։ Դրանից հետո Սանչեսը հայտարարել էր նոյեմբերի 29-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։
Այժմ կառավարությունը մտադիր է նոր միջոցառումները ուղարկել խորհրդարանի մշտական հանձնաժողովի վավերացմանը, որը շարունակում է աշխատել մինչև ընտրությունները։ Ի տարբերություն խորհրդարանի ամբողջական կազմի, որը ներառում է 350 պատգամավոր, մշտական հանձնաժողովը բաղկացած է 69 անդամից։
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեխանդրո Կիրոգան Associated Press-ին հայտնել է, որ հրամանագրերի հաստատման համար մշտական հանձնաժողովի կիրառումը համապատասխանում է Սահմանադրությանը, թեև քաղաքական առումով դա անհրաժեշտ էր Սանչեսին։
Նոր փաթեթը նախատեսում է մինչև 2030 թվականը երկարաձգել խոցելի քաղաքացիների պաշտպանությունը վտարումից, կարգավորել սենյակների վարձակալությունը, սահմանել նոր հարկ սեզոնային վարձակալության համար և արգելել անշարժ գույքի սպեկուլյատիվ գնումը։ Բացի դրանից, բնակարանների սեփականատերերին հարկային արտոնություններ են խոստացվել։
Բնակարանային ճգնաժամը շարունակում է մնալ Իսպանիայի ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը։ Բնակարանների պակասի պայմաններում անշարժ գույքի և վարձավճարների աճն այն դարձնում է անհասանելի բնակիչների գնալով ավելի մեծ թվի համար՝ չնայած երկրի կայուն տնտեսական աճին։
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են ուժեղացնել վարձակալների պաշտպանությունը, միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայում խարդախության դեմ և արգելել մարդկանց վտարումը, եթե նրանց չի տրամադրվել բնակության այլընտրանքային հնարավորություն։





























