Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողներին ասաց Հասմիկ Պապյանը՝ նշելով, որ պատրաստ է ցանկացած կերպ իր փորձառությունը փոխանցել երիտասարդներին:
«Ես մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ չունեմ, սակայն ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ փորձառության սահմաններում օգտակար լինեմ նոր իշխանություններին: Երբ Փաշինյանին հարցրին՝ ռուսամե՞տ է, թե արեւմտամետ, նա ասաց, որ հայամետ է: Բոլորս պետք է կառչենք այդ խոսքից եւ դառնանք հայամետ»,- ասաց նա:
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանն էլ հավելեց, որ կարեւոր է, որ մշակույթի նոր նախարարը գաղափարի հետեւորդ լինի, որովհետեւ մենք մշակույթի ազգ ենք. «Աշխարհն այս հեղափոխությունից հետո սկսեց մեզ ճանաչել նաեւ որպես մեծ կամքի ուժով օժտված ժողովրդի: Որ ասում են՝ «հայու գեն», հիմա այն խոսեց. 100 հազար մարդ դուրս եկավ փողոց՝ առանց ջարդարարության»:











