Քաղբանտարկյալները ժամ առաջ պետք է ազատ արձակվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե նոր կառավարության ձեւավորևման դեպքում ինչ ճակատագիր են ունենալու քաղբանտարկյալները:
«Ինձ թվում է` սա հասարակության հարցն է, եւ այն պետք է ժամ առաջ պարտադրի կառավարությանը,իշխանություններին, որ ժամ առաջ ազատ արձակի մեր պետության, մեր ժողովրդի նվիրյալներին: Սա կլինի շատ ճիշտ որոշում, որովհետեւ այդ մարդիկ, որոնք ընտրել են այդ ճանապարհը, այդ թվում եւ ես, շատ զրկանքներ եւ կորուստներ են կրել: Այնպես չէր, որ հեշտ էր անգամ խոսելը, էլ չեմ ասում որեւէ շարժման մասնակցելը: Այդ մարդիկ երկրի նվիրյալներն են եւ իրենք շատ օգուտ կտան թե մեր հասարակությանը, թե մեր պետությանը»,-ասաց նա:
Երաժիշտի կարծիքով` դրանով նաեւ պետք է ի ցույց դրվի, թե ինչը պետք է մերժի մեր հասարակությունը ընդհանրապես, միշտ, եւ ինչը պետք է քաջալերի:
«Քանի դեռ Հոկտեմբերի 27, Մարտի 1 չգիտես ինչի ոչ մի կերպ լուծումներ չեն ստանում նրանք ծնեցին այսպիսի շարժումներ: Նաեւ շատ ոստիկանների գիտենք, որ բազում հանցագործություններ են արել ցույցերի, հավաքների ժամանակ, նրանցից ոչ ոք չի պատժվել, դա պետք է ուսումնասիրվի եւ դրանց պետք է տրվի եւ քաղաքական եւ իրավաբանական գնահատական, եւ կպարզվի որ այս ամենի մեջ մեկ երկու մարդ պետք է ենթարկվի պատասխանատվության, մնացածը բնականաբար անմեղ պետք է լինեն»,- հավելեց նա:











