Սպաներն ուրիշների հանգիստ կյանքն ապահովելով իրենք, ըստ էության, զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազատների հանգիստ կյանքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ եւ մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:                    

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է նշանակում լինել Հայաստանի զինված ուժերի, հայոց բանակի սպա. դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության գործին, դա նշանակում է կյանքը նվիրել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին:

Բայց զինված ուժերի ներկայացուցիչները, սպաներն ուրիշների հանգիստ կյանքն ապահովելով իրենք, ըստ էության, զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազատների հանգիստ կյանքը: Նրանք շատ հաճախ հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերում են այն ժամանակը, որ պետք է անցկացնեին իրենց ընտանիքների, երեխաների հետ, ընկերների միջավայրում: Եվ ուրեմն, այս ամենի արդյունքում հարց է ծագում՝ ի՞նչն է մարդուն ստիպում, մղում ստանձնել այս պատվաբեր ուսադիրները, այս բարձր կոչումը: Ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանաչյուրին դեպի սպայական կոչում եւ ծառայություն տանում է առաքելության զգացումը, առաքելության գիտակցումը»: