Այստեղ այլ նպատակ, քան անձնավորված հետապնդումն է, չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով եւս մասնակցում է բողոքի ակցիային:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարարից չեղարկել ԲԿ տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու որոշումը:

Ֆարմանյանի խոսքով, ցանկացած ոլորտում, առավելեւս առողջապահության ոլորտում, որն ամեն վայրկյան առնչություն ունի մեր բնակչության առողջության պահպանման հետ, անհրաժեշտ են խելամիտ, գրագետ լուծումներ. «Եթե որեւէ մեկը կարծում է, որ կարող է կրկնօրինակել նեոբոլշեւիկյան որեւէ նարկոմի գործելաոճը, ապա նա չարաչար սխալվում է: Ես առողջապահության նախարարին հորդորում եմ՝ վերագտնել ինքն իրեն, բժշկական համայնքի հետ երկխոսելու ճանապարհով գնալ, ոչ թե որպես նախարար ինքն իրեն հակադրել բժշկական համայնքին: Սա արդյունավետ ճանապարհ չէ: Մեկ գրչի հարվածով ջնջել այդ ամբողջը, դա որեւէ մեկին չի հաջողվել եւ չի հաջողվելու նաեւ իրեն»,-հայտարարեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ այստեղ այլ նպատակ, քան անձնավորված հետապնդումն է, չկա. «Մենք գործ ունենք շատ մեծ բժշկական հիմնարկի հետ: Ես որպես այս տարածքից ընտրված պատգամավոր, կարող եմ ասել, որ չի եղել քաղաքացի, անապահով քաղաքացի, ում բողոքները փոխանցած լինենք «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ին ու նու ամբողջական բուժօգնություն ստացած չլինի:

Ես շատ ցավում եմ տեղի ունեցածի համար: Առողջապահության նախարարը պետք է շատ արագ հետեւություններ անի, եթե ոչ ինքը, ապա հետեւություններ պետք է անեն նրա վերադասները: 

Բժիշկը, որ 50 տարի աշխատել է բուժհիմնարկում, մենք վերցնում ասում ենք՝ դուք այլեւս չեք աշխատում, առանց նույնիսկ կես բառ շնորհակալություն հայտնելու իր տարիների վաստակի համա՞ր:

Եթե նորաթուխ նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ ինքն իրեն երեւակայում է որպես բոլշեւիկյան նարկոմ Կամինսկի, ապա նրան պետք է հուշել, որ նույնքան անփառունակ կարող է լինել նրա ավարտը»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք հենց այստեղ սպասում են նախարարին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որ մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ:

Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անձնակազմը Change.org կայքում  ստորագրահավաք – արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով:

«Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»,-ասված է հայտարարությունում: