Սա միակ պետական հիվանդանոցն է, եւ կոլեկտիվն իրավունք ունի իմանալու պատճառն ու լսելու հիմնավորումները, թե ինչու են ազատել տնօրեն Արա Մինասյանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը, ով եւս մասնակցում է բողոքի ակցիային:
«Քաղաքակիրրթ տարբերակ կա դրա համար, ի վերջո սա նախկին ստալինյան բռնապետության շրջանը չէ: 37 թիվը չէ, թող գա, մարդկանց հետ շփվի ու բացատրի: Հեռահար կառավարման այս համակարգը անընդունելի է, հատկապես, սա միակ պետական հիվանդանոցն է, կոլեկտիվն իրավունք ունի իմանալու պատճառն ու լսելու հիմնավորումները», - ասաց նա՝ հավելելով, որ ինքը հիվանդանոցի աշխատակիցների հետ կշարունակի հիվանդանոցի բակում սպասել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ իր որոշման համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որ մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: Ակցիային են միացել ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը:
Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անձնակազմը Change.org կայքում ստորագրահավաք – արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով:
«Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»,-ասված է հայտարարությունում:.











