Կան բոլոր նախապայմանները՝ ենթադրելու է, որ սա առողջապահության նախարաի որոշումը ուղղորդված է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հանդեպ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ընթացող  բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Հիվանդանոցում եւ այստեղ կան տասնյակ տասնյակ, հարյուրավոր առողջապահության ոլորտի գործի կազմակերպիչներ, մասնագետներ, մարդիկ, որոնք հազարավոր մարդկանց կյանք չեն փրկել, հետաքրքիր է՝ այդ մարդիկ առողջապահության նախարարից լսե՞լ են նրա կարծիքը առողջապահական ոլորտի հեռանկարային զարգացման մասին»,–նշեց նա։

Ֆարմանյանի համոզմամբ՝ առողջապահության նախարարը, հավանաբար, առավոտից երեկո մատը մատին չտալով ուրիշներին թերացումների մեջ է մեղադրում. «Թեեւ առողջապահության նախարարի աշխատասենյակում այսօր նստած է Արսեն Թորոսյանը, բայց ես ձեզ հորդորում եմ նրան լուրջ չվերաբերվել, որովհետեւ նա իր մանկամտությամբ, իր շտապողականությամբ, իր գործառույթների ոչ բավարար գիտակցությամբ լիուլի վաստակել է, որ անլուրջ վերաբերվեն առողջապահության նախարարին։ Հարյուր Արսեն Թորոսյանի անվան վրա պատմությունը փոշի է դնելու, իսկ Արա Մինասյանի անունը ոսկե տառերով է գրվելու»։

Պատգամավորը հայտարարեց՝ նախարարի որոշումը ուղղորդված է. «Առողջապահության նախարարի աշխատասենյակում հայտնված Արսեն Թորոսյանը իր կամայական եւ ուղղորդված որոշումներով ոչ միայն ձեռնոց է նետել Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ին, այլ ՀՀ ամբողջ առողջապահական համակարգին, ուստի կոչ եմ անում առողջապահության բոլոր հիմնարկներին իրենց բողոքի ձայնը միացնել այս ընդվզմանը։ Մենք մինչեւ ժամը 20.30 սպասում ենք Արսեն Թորոսյանի ժամանմանը այստեղ»։

Լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց նախարարի գործողությունների առնչությամբ. «Ես, ի տարբերություն առողջապահության նախարարի, ծանոթ եմ բժշական կենտրոնի անցած ճանապարհին եւ ինձ չափազանց մտահոգում է այն հանգամանքը, որ առողջապահության նորանշանակ նախարարը մի կողմից հանձնարարում է ստուգումներ, բայց չսպասելով ուսումնասիրությունների ավարտին՝ սոցիալական ցանցերի եւ մամուլի միջոցով թիրախավորում է բժշկական կենտրոնը եւ դրա ղեկավարին՝ իրեն մատնելով, որ գործ ունենք կամայական եւ անձնավորված որոշման հետ։ Եթե առողջապահության նախարարը բժշկական ամենամեծ կենտրոնի տնօրենին աշխատանքից ուղղակի հեռացնում է առանց ԲԿ–ի  հետ գոնե քաղաքակիրթ ձեւով հաղորդակցվելու, սա խոսում է այլ նպատակների մասին։ Մենք կոչով դիմել ենք Արսեն Թորոսյանին ներկայանալ ԲԿ եւ իր որոշման հիմնավորումները բերելու։ Կան բոլոր նախապայմանները՝ ենթադրելու է, որ սա առողջապահության նախարաի որոշումը ուղղորդված է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հանդեպ, իսկ ինչ կարժենք դա առողջապահության նախարարի համար, ականատես կլինենք»,–եզրափակեց Ֆարմանյանը։