«Ես եմ» ծրագրով ամառային  զորակոչին մասնակցող նորակոչիկներին գրավում է այն, որ յուրաքանչյուր ամսվա մեջ 1 շաբաթ տանն են լինելու: NEWS.am-ի հետ զրույցում  զնակոչիկներն ասացին, որ ծրագիրն իրենց հիմնականում հետաքրքրել է, ամսվա մեջ 1 շաբաթը տանն անցկացնելու եւ ծառայության  ավարտին 5 միլիոն դրամ գումար ստանալու համար:

«Ես ընտրել եմ այս ծրագիրը կատարելով ապագայի առաջին քայլերը, որ ծառայությունից հետո նպատակներս իրականացնեմ` ամուսնանալու եմ եւ բիզնես դնեմ: Շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ ծրագրին ընկերներիս հետ, ոչ մի բանից չեմ վախենում»,- ասաց զինակոչիկներից մեկը:

ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանն էլ ծրագրով ծառայության մեկնող զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեց` ասելով, որ նրանց ծրագրին մասնակցելը խորհուրդ եւ պատգամ ունի:

«Սիրելի զինակոչիկներ մենք ողջունում ենք  Ձեզ ձեր առաքելությունը, քանի որ դուք ընտրել եք «Ես եմ» ծրագիրը եւ ուսումնական պրոցեսը վերջացնելուց հետո` տիրապետելով մարտավարական հնարքների անցնելու եք հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան գործին: Կան  նաեւ երիտասարդներ, որոնք հատուկ եկել են արտերկրից ընդգրկվելու այս ծրագրում: Մենք այսօր ձեզ հետը պայմանագրեր կնքենք եւ արդեն օրվա երրորդ կեսին կմեկնեք ձեր նախորոշված  զորամասը` ծառայելու համար: Ձեր այսօրվա ծրագրին ընդգրկվելը ունի եւ խորհուրդ եւ պատգամ, որ լինեք ծառյության  ընթացքում խենթեր, հայրենասերներ եւ հայրենապաշտներ: Չվարանե΄ք երբեք ձեզ վստահված զենքն կիրառել թշնամու դեմ: Պատվով ծառայեք եւ վերադարձեք, հաջողություն ձեզ».-դիմեց նա զինակոչիկներին:

Նշենք, որ  «Ես եմ» ծրագրով  ծառայությունը տեւոմ է 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը անցկացնում է ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս զինծառայողին վճարվում է որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),

3. ուսման վարձի փոխհատուցում: