Պետք է վերանայվեն բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք հիմք են կազմում հայ-ռուսական հարաբերությունների։ ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը

«Պետք է վերանայվեն բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք հիմք են կազմում հայ-ռուսական հարաբերությունների։ Մինչ այդ մենք պետք է ձերբազատվենք, չեղյալ ճանաչելով մեզ վերաբերող մասով ռուս-թուրքական դաշինքով ստեղծված այս տարածաշրջանային հիմքերից, այսինքն՝ Մոսկվայի պայմանագիր, Կարսի պայամանագիր, այնուհետեւ մեզ ԽՍՀՄ կազմի մեջ մտցրած եւ դրա հետ կապված իրավական հիմքեր առաջացնող փաստաթղթերից, առաջին հերթին ԽՍՀՄ պայմանագրերից, ԱՊՀ պայմանագիրը պետք է լուծարվի։ Մենք չենք կարող մեզ կաշկանդել, սահմանափակել ներպետական կառույցների կոշտ կանոններով»,-ասաց նա։

Վարուժան Ավետիսյանն անդսրչադարձավ նաեւ ռուսական սահմանապահ զորքերի տեղակայմանը Հայաստանում եւ ասաց, որ դա խայտառակություն է։

«Սահմանապահ զորքերի մասով էլ ասեմ, որ դա ընդհանրապես խայտառակություն է, նման  բան աշխարհում գոյություն չունի, սա ուղղակի արտաքին կառավարման ապացույցներից մեկն է , ոչ մեկն իր ելումուտը չի վստահում ուրիշ պետության։ Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային մենք պետք է ձերբազատվենք Պերմյակովներից բաղկացած ստորաբաժանումներից, մենք առնվազն չենք կարող հանդուրժել մեր պետության տարածքում նման ստորաբաժանումներ։ ՀՕՊ-ի եւ ավիացիայի մասով հնարավոր է նրանց այստեղ տեղակայումը, սակայն նոր պայմանագրերի հիման վրա»,- հավելեց նա։