Անիի ՀՀԿ-ական համայնքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիներն այսօր՝ հոկտեմբերի 1–ին, առավոտյան ժամը 8։30–ից  փակել են համայնքապետարանի մուտքերը՝ թույլ չտալով աշխատակիցներին մուտք գործել շենք։

NEWS.am–ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց պահանջը Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի և նրա թիմի հրաժարականն է։

Ակցիայի մասնակիցներից Հայկ Անտոնյանը նշեց, որ Գևորգյանի հարազատները, ովքեր մարզում տարբեր պաշտոններ են զբաղեցնում, բնակիչներին թույլ չեն տալիս մասնակցել կազմակերպվող ակցիաներին։

«Մենք 10-20 հոգով չենք, ինչպես Գևորգյանն է  ներկայացնում, մոտ 100 մարդ է հավաքվում։ Իր  ազգականները մարդկանց թույլ չեն տալիս ցույցի գալ։ Մենք պահանջում ենք Արտակ  Գևորգյանի և բոլոր այն ՀՀԿ–ականների հրաժարականը, ովքեր ժամանակին  ջուր են լցրել Սերժ Սարգսյանի ջրաղացին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում բնակիչները մի քանի անգամ փակել են  Անի համայնքի մեջ մտնող խոշորացված մի քանի համայնքների ճանապարհներ։

Շուրջ 25 օր է՝ մարալիկցիները նստացույց են իրականացնում քաղաքի կենտրոնական հրապարակում։

Նշենք, որ ի պաշտպանություն Արտակ Գևորգյանի խոշորացված համայնքների վարչական ղեկավարները դիմել են մարզպետարան։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկում է շրջանի 17 խոշորացված համայնքներ՝ այդ թվում Մարալիկը։