Երկրապահը ոչ մեկի սեփականությունը չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով ԵԿՄ-ում տիրող իրավիճակի մասին։
Նա ԵԿՄ պատմությունը բաժանեց 2 փուլի՝մինչեւ 1999 թվականի վերջը՝ մինչեւ Վազգեն Սարգսյան եւ նրանից հետո. «Մինչեւ Վազգեն Սարգսյանի մահը ԵԿՄ-ն շատ կուռ էր, համախմբված։ Սպարապետը թույլ չէր տալիս ուժային կառույցներից որեւէ մեկը դառնար վարչության անդամ, ամեն ինչ հարթ էր, առանց որեւէ ընդհարման։ Երբ արդեն ԵԿՄ-ը վարչության նախագահ դարձավ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ- վարչության անդամ դարձան ուժային կառույցների ներկայացուցիչներ, փոխնախարարներ, ՆԳՆ սպաներ, եւ տեղի ունեցավ ԵԿՄ-ի մասնատում, ընդհարումներ տեղի ունեցան, շատերը չէին ուզում Մանվել Գրիգորյանի հետ աշխատել»։
Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ ԵԿՄ–ի մասնատման մեջ իր մեղքի բաժինն ուներ ոչ միայն Մանվել Գրիգորյանը, քանի որ նախկին իշխանությունները եւս իրենց առաջ խնդիր էին դրել մասնատել այդ կառույցը, իսկ արդյունքում ԵԿՄ–ից անջատվեցին 10-ից ավելի հասարակական կազմակերպություններ։ Երկրապահն էլ, մնալով միակ կառույցը, որը սնվում էր պետությունից, սերտաճեց իշխանության հետ։
Նա համեմատության համար նշեց, որ ԵԿՄ վարչության անդամները առաջին նիստում 11-ն էին, իսկ այսօր այն ունի 189 անդամ. «Վարչության անդամներ են պատգամավորները, քաղաքապետերը, ՀՀԿ–ականները, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչները ղեկավարում էին ԵԿՄ-ն, 90 տոկոսը եղել են ՀՀԿ-ից։ 3 ամիս առաջ՝ Մանվել Գրիգորյանից հետո տեղի ունեցավ առնետավազք, շատերը փախան, 198-ից 30 հոգի է մնացել»,-նկատեց նա։
Մելքոնյանը շեշտեց՝ դեմ են ԵԿՄ–ի կառավարման նախագահական համակարգին, «քանի որ մի հոգին չի կարող բոլոր խնդիրները լուծել, իսկ եթե 7 հոգով ղեկավարեն, հնարավոր չի լինի ազդել 7 հոգու վրա»։ Նա, սակայն, հավելեց, որ այժմ ցանկանում են համակարգող խորհուրդը ղեկավարի, որ հետագայում կարողանան իրենց միջից նախագահ ընտրել։
Նրա փոխանցմամբ՝ ներկայումս ԵԿՄ վարչության նախագահի թեկնածուներն են՝ Արամ Սարգսյանը, Արայիկ Խուդավերդյանը, Սասուն Միքայելյանը, սակայն հնարավոր է համագումարի ժամանակ նոր մարդիկ առաջադրվեն։
Մելքոնյանը կարծում է, որ կան որոշ ուժեր, որոնք ցանկանում են իրար դեմ դուրս հանել Արամ Սարգսյանին ու Սասուն Միքայելյանին, պառակտել ԵԿՄ–ն, թույլ չտալ կառույցի ղեկավար ընտրել։ Իսկ համագումարի ժամկետի մասով նա դժվարացավ հստակ նշել։











