Նիկոլ Փաշինյանի հրամանով պաշտոնանկ արված նախարարների թափուր պաշտոնների համար արդեն իսկ թեկնածուների շրջանակ կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Թեկնածուներ կան. երեկվա իրադարձություններից հետո թեթեւ քննարկում եղել է, երբ վերջնական որոշումներ կայացնենք՝ տեղյակ կպահենք»,–ասաց նա։
Նախարարի խոսքով՝ երեկ բոլորն ականատես եղան հակահեղափոխության հնարավորության բացակայությանը։
«Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ եւ այդ ճգնաժամը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է հանգուցալուծվի»,-ասաց նա:
Հարցին, արդյոք քաղաքական ուժերի միջեւ պայմանավորվածության վերաբերյալ հուշագրի անհրաժեշտություն կա, թե կարելի հավատալ բանավոր խոսքերին, Հարությունյան ասաց.
«Հուշագիրը թույլ կտա մի փոքր մեղմել քաղաքական ճգնաժամը, որ կար փողոցում, բայց դա վերջնական հանգուցալուծվելու է խորհրդարանական ընտրություններով։ Մենք այն ժամանակ ասում էինք՝ հիմա ընտրությունները ձեռնտու են քաղաքացիական պայմանագրին եւ, ըստ էության, հեղափոխական ուժերը կստանային բացարձակ մեծամասնություն եւ, որպեսզի հավասար պայմաններ ստեղծեինք քաղաքական ուժերի համար, ասացինք ժամանակ տանք նրանց հավասար պայմաններում պատրաստվել այդ ընտրություններին, սակայն հիմնական քաղաքական ուժերը դրա փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում»։











