Համացանցում կադրեր են հայտնվել բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության վայրից, փոխանցում է Lenta-ն: 

Տեսանյութում մանրամասն պատկերված է բուլղարական Ռուսա քաղաքի այգին, որտեղ տեղի է ունեցել 30-ամյա լրագրողի սպանությունը: Նրա մարմինը հայտնաբերվել է տեսանելի տեղանքում ջրամբարից ոչ հեռու:

Մարինովայի սպանության մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 6-ին: Քննության տեղեկություններով՝ կնոջը նախ ծեծել են եւ բռնաբարել, այնուհետեւ սպանել են: Մահը վրա է հասել գլխին հարվածների եւ շնչահեղձ անելու հետեւանքով: Չարագործները հափշտակել են նաեւ զոհի հեռախոսը, մեքենայի բանալիները եւ հագուստի մի մասը:

Մասնավոր TVN հեռուստաալիքի վարչական տնօրեն Մարինովան սեպտեմբերին թողարկել էր «Դետեկտոր» թոք-շոուն, որի շրջանակում հետաքննում էր Եվրամիության հիմնադրամների հետ հնարավոր խարդախությունները: