Ես չեմ հավատում քրեակատարողական հիմնարկների դաստիարակչական ներուժին։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով համաներման օրենքի  նախագծի մասին։

Անդրադառնալով ԱԺ դիմաց բողոքի ցույց անող ցմահ դատապարտվածների բողոքի ցույցին, նա նշեց, որ ցմահների հարազատները մշտապես իր հետ կապի մեջ են. «Ցմահների հարազատները օրը 24 ժամ ինձ հետ կապի մեջ են։ Ես պատահական չասեցի, որ եթե շատերի համար այս նախաձեռնությունն ընդամենը մարդասիրական ակտ է, ապա ինձ համար որպես պատգամավորի սա իմ ամենօրյա աշխատանքն է։  Չկա Հայաստանում ցմահ ազատազրկված, որի գործից ես տեղյակ չեմ։ Ես օրական ՔԿՀ–ներից ստանում է  առնվազն 50-60 դատապարտյալի նամակ»։

Պատգամավորը նշեց, որ մեծ հայեցակարգ է պատրաստում, որով օրենքներում փոփոխություն է նախատեսվում կապված դատապարտյալների եւ կալանավորների հետ. «Ես շատ մեծ հայեցակարգ եմ նախապատրաստում տարբեր օրենքներում փոփոխությունների մասին, որոնք վերաբերելու են թե՛ ՔԿՀ–ներին, թե՛ դատապարտյալներին, թե՛ կալանավորներին, թե՛ կալանքը որպես խափանման միջոց կրելու անթույլատրելիությանը։ Այսօր լրջագույն խնդիր է, որ բուժհաստատությունները ենթարկվում են քրեակատարողական վարչությանը, դրանով իրենք կաշկանդված են»։ 

Նա վկայակոչեց բանակում կատարված 14 հանցորգործություններ, որոնք, պատգամավորի պնդմամբ, պետք է վերանայվեն. «Ես առաջարկելու եմ բանակում զինվորական ծառայության ժամանակ կատարված հանցագործության համար, որոնք դատապարտվել են մեկ վկայի ցուցմունքով, բոլոր այդ 14 դեպքերը հատ–հատ վերանայվեն, ցուցաբերել անհատական մոտեցում»։