Չեմ կարծում, որ միայն անցողիկ շեմը հաղթահարելու համար պետք է պայքարենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով առաջիկա արտահերթ ընտրություններին ՀՀԿ–ի շանսերի մասին։
Դիտարկմանը, որ երբեմնի մեծամասնություն ստացած քաղաքական ուժը 1.5 տարում կորցրեց իր ազդեցությունը խորհրդարանում, Բաղդասարյանը հակադարձեց. «Գնում ենք ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսել»։
Նա շեշտեց՝ պետք է հետեւեք զարգացումներին, հանրությունն ընտրությունների ժամանակ իր կարծիքը կհայտնի։
Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ–ն հակվածություն ունի մասնակցելու ընտրություններին, վերջնական որոշումը համաժողովին կկայացվի։ Նա նաեւ հրաժարվեց պատասխանել հարցին, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը։ «Դա ընդհանուր քաղաքական ուժն է որոշելու»։











