ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկից խաբեությամբ գումար առերեւույթ հափշտակած անձանց ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երեւան քաղաքում գործող բանկերից մեկում մի կին եւ մի տղամարդ գումար փոխանակելու նպատակով գանձապահի ձեռքից վերցրել են թղթադրամների կապոցը՝ նախընտրած գումարը վերցնելու պատրվակով, որի ընթացքում գանձապահի վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով, հափշտակել գումար՝ պատճառելով նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջն ու տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրանց գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:











