Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ կապված այն միջադեպի հետ, որը հասարակական մեծ վրդովմունք է առաջացրել՝ Ստոքհոլմի մետրոյում անվտանգության ծառայության աշխատակիցները հղի սեւամորթ կնոջը կոպտորեն վռնդել են եւ բռնությամբ նստեցրել են նստարանին՝ հայտնում է The Guardian-ը։
Պահապանները կասկածվում են ռասիզմի դրսեւորման մեջ։
Հայտնի է, որ կինը մենակ չի եղել, այլ՝ 5-ամյա երեխայի հետ։
Շվեդական ռադիոն հայտնել է, որ կատարվում է երկու հետաքննություն՝ մեկն ուղղված է պահապանների վիրավորական եւ անպարկեշտ արարքների, իսկ մյուսը՝ «կնոջ կողմից ցուցաբերված դաժան դիմադրության» բացահայտմանը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են պահապանները քարշ տալիս հղի կնոջը՝ հետեւում թողնելով նրա լացող փոքր դստերը, ինչն էլ վրդովմունքի պատճառ է դարձել։
Այսպիսի վերաբերմունքի պատճառն իբր եղել է այն, որ կինը տոմս չի ունեցել, սակայն թե՛ կինը, թե՛ վկաները պնդում են, որ նա ունեցել է տոմս, բայց չի կարողացել այն գտնել ու փորձել է բացատրել, որ վատ է զգում եւ չի կարող դուրս գալ գնացքից։











