Ինչ-որ մեկին աղբարկղ նետելը նոր բան չէ մեզ համար։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հրապարակախոս Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակմանը:

«ՀՀ ոստիկանությունը խուլիգանության հատկանիշներով գործ է հարուցել 2 օր առաջ Երեւանում կատարված մի միջադեպի առթիվ, որը ստացավ շատ մեծ հասարակական հնչեղություն։ Ես կարծում եմ՝ ձեզ բոլորիդ ծանոթ է այդ միջադեպը, ես այստեղ անուններ չեմ հնչեցնելու, որովհետեւ հակված եմ գնահատական տալ միմիայն երեւույթին, որպեսզի խուսափենք եւ զերծ մնանք որեւէ շահարկումներից»,– նշեց նա:

Սամսոնյանի խոսքով՝ սա կարող էր համարվել մի սովորական խուլիգանություն, բայց ստացավ այդ հանրային մեծ հնչեղությունը, եւ դա ունի իր պատճառները. «Վերջիվերջո մենք գիտենք, չէ՞, որ ինչ-որ մեկին աղբարկղ նետելն նոր բան չէ մեզ համար։ Փոխադարձ անհանդուրժողականության  հողի վրա ծնված եւ իրականացված այդ գործողությունների տեսագրումը եւ դրա հրապարակումը համարում եմ դատապարտելի»։

Պատգամավորի խոսքով՝  փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության նման դրսեւորումները կարող են ունենալ պատճառահետեւանքային այլ զարգացումներ. «ՀՀ-ն սահմանադրորեն իրավական պետություն է, որտեղ երաշխավորված են մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը, ազատ խոսքի եւ արտահայտման իրավունքը: Սրանք նաեւ միջազգային պարտավորություններով երաշխավորված իրավունքներ են։  Այս իրավունքների դեմ կատարած ցանկացած ոտնձգություն դատապարտելի է: Փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության նման դրսեւորումները կարող են ունենալ պատճառահետեւանքային այլ զարգացումներ, որը հաստատ չի նպաստելու իրավունքի գերակայությանը, հանրային համերաշխությանը եւ ազատ քաղհասարակության զարգացմանը»։

Նա նաեւ համոզված է՝ սոցցանցերում տարածում ստացող ատելության քարոզի համար մեղավոր է յուրաքանչյուրը. «Սոցիալական մեդիայում արդեն տեղ էին գտել ինչ–որ մարդկանց մերկացնելու եւ աղբամանը նետելու համար տասնյակ միլիոն դրամ պարգեւավճար հատկացնելու մասին նյութեր, ինչը ենթադրում է բռնության քարոզ, եւ անընդունելի է։ Մենք բոլորս մեղավոր ենք դրանում։ «Մենք «լայքում» եւ «սրտիկում» ենք ատելություն քարոզող գրառումները, մենք ստեղծում եւ խրախուսում ենք ատելություն քարոզող ֆեյքեր, ծափ ենք տալիս ատելություն քարոզող «դուխով» տղերքին, սոցիալական հարթակում վիրավորանք եւ հայհոյանք «ցփնող» պաշտոնյաներին կարգի չենք հրավիրում: Մենք զվարճանում ենք մարդու արժանապատվությունը նվաստացնող այն ամբողջ աղբով, որը լցված է համացանցում»:

Սամսոնյանը կոչ արեց պատգամավորներին, ինչպես նաեւ դրսում լսողներին դադարեցնել հանրային տարբեր հարթակներից անհանդուրժողականության ալիքը մեծացնող մանիպուլյացիաները, փոխադարձ սպառնալիքները, սոցցանցային խուլիգանությունը: «Եվ կոչ եմ անում դա անել հենց այսօր, որովհետեւ այս անհանդուրժողականության ալիքը մեզ ոչ ոքիս չի խնայելու, այն մաքրելու է մեզ բոլորիս եւ միանգամից»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կեսգիշերին մոտ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա։ Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

Ավելի ուշ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել: