ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկություն չունի Մարտի 1–ի գործով հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման վերաբերյալ։ Այսօր՝ մարտի 5–ին, լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը հայտարարեց, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող՝ Մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Հայաստանում չի գտնվում։
«Վահագն Հարությունյանի վերաբերյալ մեր պաշտոնական տվյալն այն է, որ նա ՀՀ տարածքում չի գտնվում։ Նրա նկատմամբ պաշտոնապես հայտարարված է հետախուզում, երբ կհայտնաբերվի նա, այդ ժամանակ էլ կիրականացվի համապատասխան իրավական գործընթաց»,–ասաց նա։
Դիտարկմանը, թե Վահագն Հարությունյանը քննիչներին հայտնել է իր գտնվելու վայրը, ասել, որ Մոսկվայում է, Դավթյանն արձագանքեց. «Ամեն բան կարող ա հայտարարվել, բայց իրավական գործընթացի առիթն այն է, երբ նա կհայտնաբերվի որևէ երկրի իրավապահ մարմնի կողմից»։
Անդրադառնալով Մարտի 1–ի գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հայտնաբերելու գործընթացին, գլխավոր դատախազն ասաց. «Ստուգողական գործընթացները դեռ լիարժեք ավարտված չեն, պետք է հայտնաբերվի, նոր խոսեն հանձնման գործընթացի մասին։ Որ պահին Միքայել Հարությունյանին հայտնաբերեն, այդ մասին հանրությունը կիմանա»։
Իսկ ինչ վերաբերվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին հայտնաբերելուն, Դավթյանն ասաց, որ այդ մասին վաղ է խոսել. «Արամ Հարությունյանի հայտնաբերման մասին էլ այս պահին որևէ տեղեկություն չունենք, հույս ունենք՝ նրան Հայաստանի Հանրապետությունում կհայտնաբերենք, կամ կարծում եմ՝ նա կհանձնվի»։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Միքայել Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1–ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։











