Ապրիլի 18-ի գիշերը Արթիկում, Պարույր Սևակի փողոցի մի տնից փորձել էին գողություն անել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Երեք երիտասարդ պատուհանով մտել էին տուն, տան տիրուհին ննջարանում երեխայի հետ քնած է եղել, լսելով նրանց ոտնաձայները՝ զանգել էր ամուսնուն, ամուսինն էլ՝ ոստիկանություն։ Երեքն էլ գողոնը ձեռքներին բռնվեցին։ Մատնահետքեր չթողնելու համար՝ հագել էին ձեռնոց, բայց գործը մատնահետքին չհասավ։
Այս պահին երիտասարդները ոստիկանության Արթիկի բաժնում են։ Երեքն էլ արթիկցի էին, Արթուր Ս.-ը անչափահաս ընկերների հետ էր եկել գողության։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գումար, զարդեղեն ու էլեկտրահարիչ սարք։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։











