Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի նոր հանցագործություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Առաջին դեպքով՝ տվյալների իրացումը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների հետ համագործակցված էր: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրենը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ կատարել է կեղծիքներ: Նախնական տվյալներով՝ Հայաստանից մեկնած և դասերին չհաճախած 4 աշակերտի անվան դիմաց մատյաններում դրվել են գնահատականներ, և այդ 4 աշակերտի համար դպրոցը պետբյուջեից ստացել է 1 միլիոն 143 հազար դրամ:

Հաջորդ դեպքով՝ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցել են Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ: Նախնական տվյալներով՝ Ղարիբջանյանի միջնակարդ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել, օգտագործելով պաշտոնական դիրքը՝ նա փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ է մտցրել: 2017 և 2018 թվականներին՝ որպես պահակ է ձևակերպել մի քաղաքացու, որն իրականում աշխատանքի չի հաճախել: Իսկ 2001 թվականից որպես պահակ ձևակերպված մեկ այլ քաղաքացի՝ 2008-2011 թվականներին ընդանրապես բացակայել է հանրապետությունից: Նրանց անվամբ դուրս գրած գումարները յուրացվել են: Երկու դեպքով էլ հարուցվել է քրեական գործ: