Ցավալի է, որ մենք Սահմանադրությունը չենք ցանկանում փոխել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Հարցին՝ սահմանադրական ճգնաժամ տեսնո՞ւմ է երկրում, եւ կարդացե՞լ է արդյոք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, Փոստանջյանն ասաց.  «Ես կարծում եմ, որ սա կապ չունի իրավական վեճի հետ, սա քաղաքական վեճ է, մենք ականատես ենք քաղաքական իրադարձությունների։ Ցավալի է, որ մենք Սահմանադրությունը չենք ցանկանում փոխել, այսինքն՝ գործող իշխանությունն՝ ի դեմս կառավարության եւ Ազգային ժողովի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ցանկանում է այդ կեղծված, Սերժի վրայով կարված Սահմանադրությունն օգտագործել, բայց իր մոտ առաջացել է իբրեւ թե իրավական վեճ՝ սահմանադրական դատարանի հետ կապված»,–նշեց նա։

Փոստանջյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանն է երկրում շարունակում փաստացի կառավարել Նիկոլ Փաշինյանի միջոցով. «Եկեք հետ գնանք գործարքին, Սերժ Սարգսյանն ասաց, որ պետք է այդ սահմանադրությունը պահել, Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ սահմանադրությունը պահում է, որովհետեւ այդ ձեւաչափով, Նիկոլ ֆեյքի միջոցով հեշտ է ավելի ղեկավարել, շարունակել  փաստացի իշխանությունը պահել իրենց ձեռքում։ Մեր հանրությունը պետք է գիտակցի, որ իշխանությունը միայն նրանք չեն, որոնք ներկայացված են Աժ–ում կամ գործադիրում, իշխանությունը նաեւ սեփականատեր լինելն է, իսկ այսօր սեփականությունը Հայաստանում շարունակում է բաշխված մնալ օլիգարխների միջեւ, այդ օլիգարխներից որեւիցե մեկը չի ցանկացել այդ սեփականության վերաբաշխում անել, սեփականության վերաբաշխում է տեղի ունենում միմյանց միջեւ, բայց պետության հիմնական միջոցները, սեփականություն հանդիսացող մենաշնորհները շարունակում են գործել,   օդանավակայանից սկսած ընդերքի շահագործումից ավարտած, այստեղ պետք է նայել, եթե փոփոխություն չի եղել, ուրեմն իշխանությունն էլ չի փոխվել»։