ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության տալը վկայում է իշխող քաղաքական ուժի իրական մտադրությունների մասին.  այն է՝ ամեն գնով ազատվել  Հրայր Թովմասյանից։ Նման տեսակետ այսօր՝ սեպտեմբերի 25–ին «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Սիրանույշ Սահակյանը։

«Իրենց կուսակիցներից մեկն իրականա մտադրության մասին խոսել է , մտադրությունն անձնական վրեժխնդրությունն է , որը պայմանավորված է անձի նախկին կուսակցական պատկանելիության հետ, և գերխնդիր է հռչակված ցանկացած գնով ազատվել նրանից։ Այս ճանապարհին իրավական, սահմանադրական կարգի խոչընդոտները, որոնք կարող են հանգեցնել իրավական պետության կորստի, չեն սթափեցնում նախաձեռնողներին»,–հայտարարեց իրավապաշտպանը։

Սահակյանն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը չի արվում իրավական փաստերի հիման վրա, այլ այդ հայտարարություններն արվում են քաղաքական դաշտում։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» նախաձեռնության մասով  Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ մտահոգիչ է այն միջավայրը, որը նախորդել է նման որոշման ընդունմանը.  «Ըստ էության, եթե դրանով էր ավարտվելու տեղեկատվական արշավը ՍԴ հեղինակության եւ ՍԴ դատավորների եւ նախագահի դեմ, ապա ի սկզբանե պետք է նախընտրելի դարձնել իրավական ընթացակարգը, ոչ թե փորձել քաղաքական էժանագին գնահատականներ տալ ՍԴ աշխատանքին, նախախուլիգանական արտահայտություններ անել ՍԴ հասցեին, ինչու չէր ընտրվում իրավական ընթացակարգը, ինչու էին տարբեր պատգամավորներ իրենց թույլ էին տալիս բարեվարքության կանոնների ցինիկ խախտում՝ թիրախավորելով մեկ անձի եւ դատավորների»։

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը կարծում է, որ գործ ունենք քաղաքական գերակա շահի հետ.

«Առաջին հայացքից՝ սովորական սահմանադրական լիազորություն է իրականացնում Ազգային ժողովը, եթե սրանով սկսվեր եւ այստեղ ավարտվեր, բայց երբ դրան նախորդում են գործընթացներ, որակումներ, ձեւակերպումներ, ակցիաներ, անձնական պիտակավորումներ, Սահմանադրության կոպիտ խախտմամբ հրահրված զանգվածային միջոցառումներ, պարզ է դառնում, որ մենք գործ չունենք իրավական խնդրի հետ, այլ գործ ունենք քաղաքական գերակա շահի հետ՝ հաստատել ժողովրդի իշխանությունը ՍԴ–ում»։

Ղազինյանը կարծում է՝ իրավաբանները բավական շատ գործ ունեն անելու. «Խորությամբ իրավաբանները պետք է ուսումնասիրեն եւ որպես համաշխարհային նախադեպ ներկայացվի բոլոր միջազգային գիտաժողովներում, որ ՀՀ–ն գրանցվեց Գինեսի ռեկորդի գրքում եւ առաջինը եղավ, որ պետության ղեկավարի կոչով շրջափակեց դատարանները»։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտում է՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես». «Ազգային ժողովի սկսած գործընթացը որեւէ իրավական եւ բարոյական տրամաբանության մեջ չի տեղավորվում, քննարկման հարց չէ։ Սակայն, երբ հանրաքվեով ընդունվեց 2015 թվականի Սահմանադրությունը, որի կարկառուն հեղինակներից մեկը Հրայր Թովմասյանն էր, ես նշեցի՝ սահմանադրությունում կամ պետական կառույցի արդյունավետությունը, կամ սեփական հարմարավետության բարձրացումը, երբ ՍԴ նախագահի պաշտոնի առումով ամբողջովին գծագրված էր Հրայր Թովմասյանի հարմարավետությունը, խստագույնս հակասում էր սահմանադրականությանը եւ բարոյականության նորմերին, բնականաբար ինչպես աբսուրդ կերպով դարձավ, հիմա էլ ԱԺ օրենքի շրջանակներում են, պաշտոնանկության հիմքը անհեթեթության շրջանակներում են»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ ՍԴ  նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։