Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության նախկին պետը և վարույթն իրականացնող մարմինը իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են պաշտոնեական լիազորությունները չարաշահել, պաշտոնեական կեղծիքներ կատարել և ապացույցները կեղծել: Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մամուլի վարկածը, թե Հայկ Հարությունյանը ինքնասպանությունից առաջ դժգոհել է ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի ճնշումներից, Արթուր Դավթյանը այսօր լրագրողների հետ զրույցում համարեց պատվեր, որը ըստ նրա՝ հասկացել է ցանկացած ողջամիտ մարդ։ Իսկ նախկին ոստիկանապետի մահը, գլխավոր դատախազը կարծում է, հետագա քննության վրա կարող է էական ազդեցություն ունենալ։
Այսօր, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունն էր։ Այնտեղ էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, բազմաթիվ նախկին պաշտոնյաներ։
Աղմկոտ պաշտոնանկություններին ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ, այս անգամ Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը իրեն չի գոհացնում եւ նաեւ այդ է պատճառը, որ իրավապահ համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։
Փաշինյանը խոսեց նաեւ Հայաստան-Սփյուռք սերտացման քայլերի մասին՝ մեկ ամիս ապրել հայրենիքում, ստանալ ՀՀ քաղաքացիություն, տուն գնել եւ բիզնես դնել։
Իրավական մտահոգությունները համախմբել են քաղաքական գործիչների եւ իրավաբանների, նրանք այսօր «Հայաստանի դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» թեմայով խորհրդաժողով են անցկացրել։ Այդ բարեփոխումների փաթեթը, որ ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, ըստ ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի, մեծ պայմանականությամբ կարելի է անվանել ռազմավարություն, քանի որ մի քանի դրույթներ են ամրագրված ընդամենը քաղաքական նպատակների համար։ Նա նաեւ հայտարարեց, որ պետք չէր քաղաքական էժանագին գնահատականներ տալ ՍԴ աշխատանքին։
Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, ըստ «Մեկ Հայաստանի» կուսակցության նախագահի, Հայաստանում չի մշակվել, հայկական ծագում չունի, հետաւեաբար եզրակացրեց, որ քննարկվող օրակարգը բացարձակապես կապ չունի Հայաստանի պետակական շահի հետ։
Քանի որ այս փաթեթը օտար շահի է սպասարկում, բանախոսները որոշեցին դրան հակադրել այլ փաստաթուղթ։ Սահմանադրագետ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ 200 հազար ստորագրահավաքով ներկայացնելու են սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային նախագիծ։
Այդ փաթեթի հեղինակներից Արդարադատության նախարարը այսօր լրագրողների հետ զրուցում փորձեց մեղմացնել դատական համակարգի ընկալումը, որպես ամենակոռումպացված համակարգ, նա հայտարարեց, որ նույնքան խնդիրներ ունեն կամ կարող են ունենալ այլ պետական մարմիններ եւս։
Իսկ այսպես կոչված «օրենքով գողերի» ու նրանց սպասավորների համակարգը չի հանձնվում, նախարարն ասաց, որ «օրենքով գողերի» ազդեցության հարցը ՔԿՀ-ներում դեռ լուծված չէ։
Այսօր «Սասնա Ծռերի» դատական հերթական նիստն էր, խմբի 10 անդամներից ներկայումս կալանքի տակ են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար։ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդեց, որ Բիլյանը անմեղ է, եւ եթե դատը շարունակվի նախկին ոճով, ինքը, ասաց, կմնա ապստամբ ։
«Սանիթեքի» աշխատակիցները այսօր դարձյալ եկել էին քաղաքապետարանի շենքի առաջ եւ պահանջում էին իրենց աշխատավարձերը։ Քաղաքապետարանից ավագանու անդամներ ու պաշտոնյաներ իջան, հավաստացրին, որ օգոստոս ամսվա աշխատավարձի հաշվարկներն են անում եւ մեկ շաբաթից կավարտեն։ Բայց ցուցարարները չհավատացին։
Նրանք պահանջում էին հանդիպում Երեւանի քաղաքապետի հետ։ Սոնա Աղեկյանն էլ էր ցուցարարների մեջ, նա իր հետ երկու տակդիր էր բերել քաղաքապետի համար։
«Սանիթեքի» աշխատակիցները նստացույց սկսեցին, իսկ Սոնա Աղեկյանը նախ 20 րոպե տվեց Մարությանին՝ ներկայանալու համար, ապա հայտարարեց անժամկետ հացադուլ։
Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է՝ կազմել է 476 դրամ, եվրոն 523 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 592, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30:











