Կարծում եմ, որ Երեւանի պետական համալսարանն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի 500 ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երեւանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված միջացառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայաստանում պետական համալսարան հիմնելու մասին որոշումը, որը դարձավ կարճակյաց Առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձություններից մեկը։ Այն մեր ժողովրդի հետագա կյանքում պետք է ունենար հսկայական նշանակություն։ Այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետով, ցույց է տալիս այն գործնական եւ պետական նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենար կրթական այդ կառույցը։ Ըստ էության, խնդիր էր դրված ձեւակերպել մեր պետական նոր ինքնությունը, որովհետեւ մենք 100-ամյակների դադարից հետո դառնում էինք պետական ազգ, պետական ժողովուրդ, եւ նոր պայմաններում մեր նոր ինքնությունը ձեւակերպելու, մեր ժառանգությունը ուսումնասիրելու եւ դասակարգելու խնդիր կար»,– նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ դրված խնդիրը ԵՊՀ-ն հաջողությամբ լուծեց՝ ձեւակերպելով մեր անցած եւ ընթացիկ պատմության կարեւորագույն արժեքները եւ այն դնելով մեր նոր պետական ինքնության հիմքում. «Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել ԵՊՀ-ի հետ, կամ ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան եւ այսպես շարունակ։ ԵՊՀ–ում, ի վերջո, կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որը նույնպես պետք է ընկներ մեր նոր պետական ինքնության հիմքում։ Այս ամենի արդյունքը ի ցույց դրվեց 1965 թվականին մեր ազգային զարթոնքի միջոցով, որը հետագայում դարձավ մի նոր մշակության վերածնունդի հիմք եւ պատճառ։ Այս ամենի արդյունքում էր, որ 1988 թվականի մեր ժողովուրդը ապրեց մի նոր վերածնունդ, որը պետք է որպես նոր ժառանգ տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը։ Այս ողջ պատմության մեջ ԵՊՀ–ն ունեցավ անկյունաքարային եւ շրջադարձային նշանակություն, իհարկե, նոր պայմանները բերեցին ցնցումներ բոլոր ոլորտներում, մենք վերապրեցինք երկրաշարժ, վերապրեցինք պատերազմ, մենք վերապրեցինք նոր պետություն կերտելու անհրաժեշտություն եւ այս ամենի մեջ ունեցանք բազմաթիվ կորուստներ եւ նվաճումներ, բայց մեծ հաշվով կրթական համակարգում ավելի շատ բարդությունների հանդիպեցինք, քան թե կարողացանք լուծել դրանք»։
Վարչապետը շեշտում է՝ ԵՊՀ-ն ինչպես եղել է, այնպես էլ պետք է լինի մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական հարթակը.
«Ես ուզում եմ հավատալ, որ նոր ժամանակները ԵՊՀ-ի վերածննդի ժամանակներ են, քանի որ ԵՊՀ-ն ինչպես եղել է, այնպես էլ պետք է լինի մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական հարթակը, որովհետեւ նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը եւ ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված էին, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի 20-րդ դարի կյանքի ընթացքում։ Ես ուզում եմ մաղթել, որ մենք համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնել ԵՊՀ-ի երբեմնի փառքը, երբեմնի մեծությունը։ Սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով, ԵՊՀ-ն պիտի դառնա ՀՀ կառավարության ամենակարեւոր փորձագիտական հենարանը։ Ուզում եմ ձեւակերպել ԵՊՀ-ի միջազգայնացման խնդիրը, որը պիտի դառնա այնպիսի բուհ, որն աշխարհին ունի առաջարկելու շատ բան եւ բաց է աշխարհից վերցնել նորարարական գաղափարներ։
Կարծում եմ, որ Երեւանի պետական համալսարանն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում»։











