Քաշքշուկ Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո։ Արման Բաբաջանյանը պահանջել է ներողություն խնդրել խայտառակության համար. Գեւորգ Պետրոսյանը տարակուսել է՝ ինքը ոչ մեկին չի վիրավորել, ինչո՞ւ են ոմանք իրենց հասցեատեր համարել։ Կարգադրիչները թույլ չեն տվել Պետրոսյանին դահլիճ վերադառնալ. նա ու եւս 3 ԲՀԿ-ական մեկ օրով զրկվել են նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունքից։ Աշոտյանի՝ գոյություն չունեցող կեղծամը՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» «փոխհրաձգության» լեյտմոտիվ։ «Իշխանություններին հաճոյանալու այլ գեղարվեստական լուծումներ գտեք». Արմեն Աշոտյանի հորդորը։ Վերաքննիչը «5-րդ ալիքի» սեփականատիրոջը թողել է կալանքի տակ. Արմեն Թավադյանի աջակիցները «1 րոպե լռությամբ հարգել են» դատարանի որոշումը։  «Մարտի 1-ի» գործով դատական նիստը հետաձգվել է. փաստաբանները բացատրել են իրենց չներկայանալու պատճառը։ Անասնապահները ճանապարհներ են փակել Արմավիրում, Արարատում ու Կոտայքում. ոչ սպանդանոցային մորթի արգելքի դեմ բողոքի ցույցերը չեն դադարում։

Հունվարի 21-ի իրադարձությունները ստվերում մնացին Ազգային ժողովում տեղի ունեցած քաշքշուկի ու դրա շուրջ զարգացումների հետեւանքով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից» «անկախացած» պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե «ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի խայտառակ պահվածքի համար», ապա, արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավորներից մեկին՝ կոչ արել. «Լռեք, երբ ես խոսում եմ»:

Իսկ միջադեպի եւ Բաբաջանյանի հայտարարության համար առիթը այսպես կոչված «քրեական ենթամշակույթի» դեմ նախագծերի քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթն էր: Նախագծերով, ըստ արդարադատության նախարարի, սահմանում են տրվել «գող» եւ «գողական աշխարհ» բառերին: Պետրոսյանը շեշտել է, որ առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրութան սկզբունքից:

Խորհրդարանի դահլիճում վիճաբանությանն ու քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ական 4 պատգամավորի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռացրել է նիստերի դահլիճից:  Ավելի ուշ Գեւորգ Պետրոսյանը փորձել է մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, սակայն կարգադրիչները թույլ չեն տվել:

Մենք ռազբորկա չենք անում, դրա տեղը Ազգային ժողովի չի, պարզապես, կան մարդիկ, որոնք մեծամասնություն լինելով, կարող են դահլիճում ճնշել դիմացինի այլախոհությունը, մեկնաբանելով օրվա իրադարձությունը՝ լրագրողներին ասել է Գեւորգ Պետրոսյանը:

Ազգային Ժողովում տեղի ունեցածը Արման Բաբաջանյանի բացահայտ սադրանքի հետեւանքն էր, լրագրողների հետ զրույցում շեշտել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա հորդորել է նորից լսել Գեւորգ Պետրոսյանի ելույթը եւ համոզվել, որ այնտեղ չկա ոչ վիրավորանք, ոչ էլ զրպարտություն:

Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս հոխորտալ, նիստերի դահլիճում սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, ապա ԲՀԿ-ն, ինչպես նաեւ պարոն Ծառուկյանը շատ լուրջ քննարկելու բան ունեն կարգապահական առումով, լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է նաեւ Գեւորգ Պետրոսյանի պարզաբանմանը, թե աշխարհի տարբեր խորհրդարաններում նման բաներ տեղի ունենում են:

Ես որեւէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետեւ վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր, ավելի ուշ լրագրողներին ասել է Գեւորգ Պետրոսյանը, ավելացնելով, թե չգիտի՝ ինչու են որոշ մարդիկ իրենց համարել հասցեատեր:

Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների շուրջ քննարկմանն էլ ԼՀԿ-ի եւ «Իմ քայլի» ծաղրի ու քննադատությունների փոխանակման համար  առիթ էր ծառայել Արմեն Աշոտյանի գոյություն չունեցող կեղծամի՝ թեման, որն իր միտքը այլաբանորեն ներկայացնելու համար օգտագործել էր «Լուսավոր Հայաստանից» Գեւորգ Գորգիսյանը։

Կարելի է վիրավորել, հետո ասել՝ էթիկայի մասին մի մոռացեք, ի պատասխան հայտարարել էր «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը։ «Ավելի լավ է պարիկով գալ, քան թաշկինակը ձեռքին պահած», ասել է նա, նկատի ունենալով դրվագը, երբ 2018-ի գարնանը «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը գունավոր ծուխ էին բաց թողնում ամբիոնի մոտ, նույն խմբակցությունից Գեւորգ Գորգիսյանը թաշկինակով փակում էր դեմքը՝ ակնարկելով, որ այդ ակցիայից տհաճություն է ապրում։

Միջադեպին Ֆեյսբուքում անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ Գորգիսյանին հորդորել «իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս իր հետ չհամեմատել»:

Իսկ օրվա սկզբին տեղի ունեցած միջադեպի բորբոքած կրքերը չեն հանդարտվել նաեւ երեկոյան հայտարարությունների ժամին։

Բացառապես սպանդանոցներում մորթն իրականացնելու պահանջի դեմ բողոքող անասպանապահները բողոքի ցույց են իրականացրել եւ ճանապարհներ փակել Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում։ Մրգաշատ գյուղի հատվածում Արմավիր-Երեւան մայրուղու փակելու փորձն ուղեկցվել է ոստիկանների հետ հրմշտոցով։

Ցույցը շարունակող արմավիրցիներին վրդովեցրել էր մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանի հայտարարությունը, թե Արմավիրը սպանդանոցի խնդիր չունի։

Անասնապահներն ասում են, թե խնդիրներից մեկն էլ կասկածն է, թե արդյո՞ք սպանդանոցներում մորթից հետո իրենց անասունի միսն են հանձնելու իրենց։  200 կիլոգրամանոց անասունը մտցնելու են, մյուս կողմից 100 կիլոգրամ են հանելու, ասել են նրանք։

Գյուղացիները նաեւ ընդհանրացրել են խնդիրը, թե գրեթե ոչ մի հարցում կառավարությունն իրենց չի օգնում։

Արարատի մարզի Խոր Վիրապ համայնքի մոտ մայրուղին փակած բողոքի ակցիայի մասնակիցներին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, թե մորթը պետք է ցիվիլ ձեւով կազմակերպվի, անասնապահներն էլ հակադարձել են, թե սպանդանոցներում հիգիենայի պայմանները կասկածելի են եւ իրենք դեմ են այդ ցիվիլ ձեւին, որը ենթադրում է արտասահմանից ժամկետանց մսին առավելություն տալը իրենց առաջարկածի համեմատ։

Անասնապահները փակել էին Երևան-Սևան  ավտոճանապարհը «Արծվի թեւերի» մոտ գտնվող հատվածում, իսկ Արարատի մարզի մայրուղին նրանք նրանք ավելի ուշ բացել են՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում լինի:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբանները չեն ներկայացել դատական նիստին՝ իրենց քայլը բացատրելով հնչեցված սպառնալիքների հանդեպ դատարանի ոչ պատշաճ վերաբերմունքով:  Հիշեցնենք, որ նույն պատճառով նախորդ նիստը բաց էր թողել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ինչի հետեւանքով նիստը չէր կայացել: Դատավորը հետաձգել է նաեւ այս նիստը։ Փաստաբանների պահվածքը դատարանը կքննարկվի հաջորդ՝ փետրվարի 4-ին նշանակված նիստին:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանի միջնորդությունը։ 

Այդ ընթացքում Վերաքննիչի դիմաց ցույցի էին հավաքվել Թավադյանի աջակիցները։ «Խաբեբաների իշխանության վերջը մոտենում է։ Մենք երկիրը կրկեսի վերածելու իրավունք չունեք», հայտարարել են նրանք։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով եւ կազմել  479.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.23 դրամով ու հասել 531.82 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.01 դրամով ու կազմել  625.24 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 7.75 դրամ։

Հունվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերային սառնամանիքները կնվազեն: Երեւանում եւս տեղումներ չեն կանխատեսվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +4+6։