Պատվի եւ բարի համբավի պաշտպանության այս մեխանիզմով մենք ուզում ենք մեր երկրում ձեւավորել նախադեպ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացված հայցադիմումին։
Հիշեցնենք, որ խոսքը Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 6-ին Աժ-ում ունեցած ելույթի մասին է, որում նա ՀՅԴ–ին անվանել է, մասնավորապես, «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ» եւ այլն։
«Այսպիսի արտահայտություններ անում է Ազգային ժողովի պատգամավորը, որը օրենքով պարտավոր է նախեւառաջ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Երկրորդ՝ մի մարդ, որը հանդիսանում է լրատվամիջոցի հիմնադիր։ Երրորդ՝ հնչեցվում են այդպիսի արտահայտություններ քաղաքական ամենաբարձր՝ Ազգային ժողովի ամբիոնից, ուստի պատվի եւ բարի համբավի պաշտպանության այս մեխանիզմով մենք ուզում ենք մեր երկրում ձեւավորել նախադեպ, որովհետեւ մեզ հայտնի չէ դեպք, երբ մեր երկրում կուսակցությունը այսպիսի հայցադիմում է ներկայացրել»,-նշեց նա։
ՅԴ անդամների փաստաբան Հայկուհի Սեդրակյանն էլ պարզաբանեց խոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված դեպքրի (Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ) մասին է: «Այս պահին ունենք դատարանի որոշումը հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործը կքննվի Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս պահին առաջին դատական նիստի վերաբերյալ տեղեկություն չունենք։
Հայցի փաստական հիմքը դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի ամբիոնից հնչած ելույթն է ու դրանում տեղ գտած արտահայտությունները։
Վիրավորանքի համար պահանջում են հրապարակային ներողություն եւ 1 դրամ սիմվոլիկ փոխհատուցում, եւ զրպարտության համար եւս 1 դրամ փոխհատուցում»։











