ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վստահ չէ, որ դատարանում հետազոտված ատրճանակը Հայկ Սարգսյանինն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Հայկ Սարգսյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանը։
«Ցանկացած առարկա, որը դատարանը պետք է ասի՝ սա իրեղեն ապացույց է, ապա պետք է այն առգրավվելուց հետո կատարվեն այնպիսի գործողություններ, որը բացառում է դրա փոփոխման հնարավորությունը։ Հիմա դատարանում ինչ-որ ատրճանակ է, որը ենթադրենք՝ փոխվել է: Այսինքն՝ պիտի այն առգրավվեր, փաթեթավորվեր, այնպիսի միջոցներ ձեռնարկեին, որ բացել հնարավոր չլիներ, ստոարգրվեր, կնիքվեր, եւ հետո, երբ փորձաքննություն կատարվեր, փորձագետն էլ իր հերթին կնիքեր: Դեպքից հետո այս ատրճանակը գտնվել է Փորձաքրեագիտականում, հետո տարիներ անց այն նվիրել են կոնկրետ անձի, հիմա ո՞նց ենք հիմնավորում, որ բացառվել են այն փոխելու բոլոր հնարավորությունները»,- ասաց պաշտպանը։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ որեւէ կերպ չի հիմնավորվում, որ ատրճանակը հենց այն ատրճանակն է, որով այն ժամանակ կրակվել է․ «Քանի որ քրեական գործը կարճված է եղել, եւ սահմանված ժամկետն էլ լրացել է, չի էլ եղել պահանջ՝ այն պահպանելու, իրավունք ունեին այն որեւէ ձեւ օգտագործել պետության կարիքների համար կամ նվիրել որեւէ մեկին: Ղեկավարվել են այդ նորմով: Ես հիմա ուղիղ չեմ կարող պնդել, բայց որպես պաշտպան՝ պարտավոր եմ գնահատել նաեւ այդ հանգամանքը, համենայն դեպս, որեւէ ձեւով չի հիմնավորվում, որ սա հենց այն ատրճանակն է, որով դեպքի օրը կրակվել է; Որեւէ ընթացակարգ չկա, բայց եթե նման կասկածի տեղիք կա, ապա չես կարող դրա հիման վրա անձին դատապարտել, եւ եթե փաթեթավորումը խախտվել է, ապա իրեղեն ապացույցի արժեքն այլեւս չկա»։
Երեմ Սարգսյանը շեշտեց, որ Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն անցնում է երկակի ստանդարտներով․ «Մեղադրանքում ասվում է՝ կրակել է առջեւից եւ 1.5 մետրից: Այս երկու եզրակացությունների վրա աչքերը փակում են, չեն ընդունում, իսկ զենքի եզրակացությունը ընդունում են, որովհետեւ շատ ակնհայտ է, որ կրակոցի հանգամանքները շատ ուրիշ են: Այս նոր փորձագետները նշել են, որ կրակոցը ամենայն հավանականությամբ կարող է առջեւից լինել, բայց եզրակացությունը պիտի հստակ եւ հիմնավորված լինի, դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ կարող է նաեւ առջեւից չլինել։ Սա ցույց է տալիս, որ այս գործով ակնհայտ մեղադրական, կանխակալ վերաբերմունք է առկա. իրենց ձեռնտու ապացույցները ընդունում են, ոչ ձեռնտուների վրա աչք են փակում»։
Նշենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին բացակայում էին գործով վկաները։ Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 20-ին։ Հաջորդ դատական նիստին հարցաքննվելու են գործով վկաները։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։











