Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի քրեական գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 4-ին, պետք է հետազոտվեին գործով առկա ապացույցները, ինչը ձգձվում է պաշտպանական կողմի առարկությունների պատճառով։
Նազիկ Ամիրյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն առարկեց, որ պաշտպանական կողմը ծանոթ չի գործով առկա ապացույցներին․ «Այստեղ չկա գործ։ Այսինքն՝ նախագահող դատավորը գործն իրարից բաժանեց, եւ բաժանվող մասի գործը մենք չունենք։ Պաշտպանական կողմը ծանոթ չի այդ ապացույցներին եւ արդարադատության շահն այստեղ ստորադասվում է։ Մենք պետք է ունենանք համապատասխան ցանկ, որ տեսնենք՝ ո՞ր ապացույցն է, ծանոթ լինենք այդ ապացույցին, որպեսզի կարողանանք նաեւ անդրադարձ անել։ Գոնե մեզ տրամադրեք այն ցանկը, որը պետք է հիմա դատախազը հրապարակի»:
Դատարանն էլ առաջարկեց՝ որ մեղադրող դատախազը, երբ կներկայացնի ապացույցները, պաշտպանական կողմը կարող է նշումներ անել իրենց մոտ․ «Դա ձեր կարծիքն է։ Ցանկացած պաշտպանական կողմ կարող է գալ դատարան եւ ասել՝ ես գտնում եմ, որ գործ չկա։ Հիմա մեղադրող կողմն էլ կհրապարակի ապացույցները։ Կա մեղադրական եզրակացություն, որտեղ գրված է ապացույցը»։
Երբ դատարանը որոշեց, որ պետք է անցնեն գործով առկա ապացույցների հետազոտմանը, պաշտպանը հապճեպ որոշում կայացրեց՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու։
Դատարանն էլ տվեց 1 ժամ ժամանակ՝ միջնորդությունը կազմելու համար։ Պաշտպանն առարկեց, թե չեն հասցնելու այդ ընթացքում կազմել, իրենց 1 աշխատանքային օր է պետք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, այնուամենայնիվ դատարանը չփոխեց իր որոշումը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է։
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։











