Աֆրիկյան սաֆարիի ժամանակ լուսանկարիչը նկարահանել է բաբուինին, որը ծառի վրա է բարձրացրել առյուծի փոքրիկ ձագին։ Իր կադրերը տղամարդը համեմատել է «Առյուծ արքա»-ից դրվագի հետ, որտեղ Սիմբային ցույց են տալիս բոլոր կենդանիներին։ Սակայն վայրի բնության մեջ պրիմատները սովորաբար սպանում են այդպիսի փոքրիկներին։

Կենդանիների լուսանկարները Կուրտ Շուլցը արել է Աֆրիկայի հարավում Քրյուգերի ազգային այգում։ Նրա օբյեկտիվի մեջ են հայտնվել բաբուինն ու կորյունը։ Խոշոր կաթնասունը փոքրիկին ծառն է բարձրացրել ատամներով բռնած։ Ինչ-որ պահի նա ձագին վերցրել է ափի մեջ, հենց այս գործողությունն է լուսանկարիչը համեմատել մուլտֆիլմի հետ։ Այնտեղ Ռաֆիկին էր թաթերով բռնել Սիմբային եւ ցույց տալիս լեռան մոտ կանգնած կենդանիներին։

Սովորաբար փոքր կորյունները բաբուինների զոհ են դառնում։ Տղամարդը վախեցել է ձագուկի կյանքի համար եւ մնացել է հետեւելու նրան։ Նրա խոսքերով՝ պրիմատը ագրեսիվ տպավորություն չի թողել եւ նույնիսկ սկսել է իր «գտածոյի» ոջիլները մաքրել։

Շուլցը ոչ միայն գեղեցիկ կադրեր է նկարահանում, այլեւ որպես գիդ է աշխատում այգում։ Նա պարզաբանել է, որ աշխատակիցները չեն միջամտում նման իրավիճակներում, քանի որ դրանք բնական են վայրի բնության համար։ Բաբուինները սպանում են ձագերին, քանի որ նրանք դառնում են մեծ առյուծներ, որոնք սպառնալիք են ներկայացնում իրենց համար։

Լուսանկարիչը խոստովանել է, որ չգիտի իրադարձությունների հետագա զարգացման մասին։ Սակայն նա ենթադրել է, որ առյուծի ձագը դժվար ողջ մնար այդ օրը։ Երեք օր անց գիդը համացանցում իր հետեւորդներին պատմել է, որ խոսել է գործընկերների հետ, եւ նրանք չեն տեսել ձագին բաբուինների խմբի հետ։