Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր YouTube ալիքում հրապարակել է արդիականացված Ту-160М հրթիռակրի առաջին թռիչքի տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոդեռնիզացված ռազմավարական Ту-160М հրթիռակիրն իր առաջին թռիչքն է կատարել Կազանի Գորբունովի անվան ավիացիոն գործարանի փորձարկող օդաչու Անրի Նասկիդյանցի կառավարմամբ։ Թռիչքն անցկացվել է 1,5 կմ բարձրությամբ եւ տեւել է 34 րոպե։

Թռիչքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, սովորական ռեժիմով։ Անձնակազմը կատարել է նորացված համակարգերի եւ սարքավորումների անհրաժեշտ ստուգումները։

Արդիականացման արդյունքում Ту-160М-ը ստացել է նոր թռիչքային-նավիգացիոն սարքավորումներ, կապի համակարգ, կառավարման համակարգ, ռադիոլոկացիոն կայան եւ ռադիոէլեկտրոնային հակազդեցության համակարգ։

Նաեւ զգալիորեն մեծացել է ինքնաթիռի ընդհանուր արդյունավետությունը։ Ту-160М-ի թռիչքի հեռավորությունը երկրորդ սերիայի НК-32 շարժիչի շնորհիվ մեծացել է հազար կիլոմետրով։

Արդիականացված Ту-160М-երի փոխանցումը զորքերին կսկսվի 2021թ․։