ԱԺ-ում վարչապետի ելույթում կա հստակ սպառնալիք, որտեղ նա ասում է, որ եթե ինչ-որ մարդիկ, կամ ինչ-որ ուժեր իրավական գործիքներով կամ այլ ճանապարհով կփորձեն կասեցնել այս գործընթացը, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր. ես մեկ էլ պապիցս եմ լսել «հակա» բառը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ասում էին՝ պապս «հակա» էր եկան կովը տարան: Իսկ հիմա այս բառապաշարը ամենաբարձր ամբիոնից բերվում է մեր հանրային դիսկուրս:
Այսինքն երկրում պետք է լինեն «հակա»-ներ եւ կողմեր: Հականերին պետք է գնդակահարել, կողմերին սրբադասել: Ասում է՝ ովքեր կաջակցեն այս պրոցեսին, կլինեն նվիրյալներ: Հիմա նայեք, թե ովքեր են նվիրյալները. Ինչքան քաղաքական պրոցեսներից դուրս մնացած մարդ կա, անիմաստ, որ դուք էլ չեք ուզում նրանցից հարցազրույց վերցնել, այսօր լծվել են «այո»-ի քարոզին: Եթե ժողովուրդն ուզենա, Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ կգնա «այո» կասի, ձեզ ո՞վ է բան հարցնում, դուք որտեղից ծլեցիք, սկի ձեր դեմի հարեւանները չեն ձեզ ընտրել: Հիմա իրենք բուսնել են ու հայտարարվել նվիրյալներ»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի կողմից հանրաքվե անցկացնելու հրամանագրին:
«Մենք վարչապետին ասացինք՝ չի կարելի նման բան անել հարգելի պարոն վարչապետ, իսկ ՀՀ նախագահը չկարողացավ դա ասել: Եղան երկար-բարակ արդարացումներ, մեզ համար անհասկանալի: Նա նույն «բռնազավթված» ՍԴ է դիմում բանկային գաղտնիքի հետ կապված ինչ-որ օրենքի վերաբերյալ, որին մենք դեմ ենք եղել: Բայց ՍԴ չի դիմում հազարումի խախտումով անցած որոշման հարցով: Փաստորեն լինելու է 2000 տեղամաս, որոնք կահավորվելու են օրենսդրության կոպիտ խախտումով, որովհետեւ այնտեղ չի լինելու ՍԴ եզրակացությունը:
Մեկ մարդու պատճառով 2,5 մլն մարդ գնում է ընտրական տեղամասեր, որ ասի՝ այդ մարդը պետք է գնա: Այդ մարդուն պատմության մեջ եք մտցնում, որ ի՞նչ լինի, որն է իմաստը»,-ասաց Մարուքյանը:











