Ոչ մի օրենք չի կարող օգնել, մինչև իրար լսել ու հարգել  չսովորենք։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ բռնության քարոզը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ։

 «Բռնության կոչերը և ատելության խոսքը ծնվել են անհանդուրժողականությունից, միմյանց չհարգելուց, քաղաքական բանավեճը միջանձնային հարաբերությունների մակարդակի իջեցնելու շնորհիվ։ Մարդիկ, որոնք սեփական դեմքով կամ ֆեյքերով հայհոյանքներ էին գրում պատգամավորների հասցեին, հիմա պատգամավոր են դարձել։ Մինչև մենք չսովորենք ամբիոնը օգտագործել քաղաքական բանավեճերի և ոչ թե բամբասանքներ տարածելու համար, այս օրենքները մեզ չեն փրկելու։ Մենք պետք է սովորենք իրար հետ համաձայն չլինել, բայց լսել միմյանց, սովորենք հանրությունը չբաժանել շերտերի»,– ասաց Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյանը նաև ավելացրերց, որ քանի դեռ ԱԺ ամբիոնից՝ վառելու, ծեփելու և փռելու կոչեր են հնչում, ոչ մի օրենք չի կարող պայքարել բռնության քարոզի դեմ։ Ըստ նրա՝ ատելության չափաբաժինը սոցիալական տիրույթից արդեն դուրս է գալիս հանրություն։

«Այստեղ ձևավորված մթնոլորտը հանգեցնում է նրան, որ մարդիկ դանակահարում են իրար սիգնալ  տալու համար, նարդի խաղալիս ծեծում են միմյանց։ Այստեղից հնչած ելույթները հանրային վտանգ են ներկայացնում, որովհետև մենք մարդկանց ցույց ենք տալիս, որ քեզ հետ համակարծիք չլինող մարդուն կարելի է չհարգել ու անգամ ատել նրան»,- նշեց Գորգիսյանը։

Պատգամավորը նաև հավելեց, որ ատելության խոսքի և բռնության դեմ կարող է պայքարել քաղաքական էլիտան՝ իր պահվածքով օրինակ ծառայելով հանրությանը և ցույց տալով, թե ինչպես պետք է շփվել այն մարդու հետ, ոմ հետ համաձայն չես։ 

«Մենք պետք է կարողանանք սիրել իրար, գոյակցել միմյանց հետ, չընդհատել իրար ռեպլիկներով։ Մենք էլ կարող ենք շատերի անցյալը բերել ու այս ամբիոնից ներկայացնել, բայց դրա համար չենք այստեղ հավաքվել։ Ատելության խոսքն ու բռնության կոչերը առաջին հերթին քաղաքականության մեջ պետք է չլինեն»,- ավարտեց Գևորգ Գորգիսյանը։