Տուրիստական ավտոբուսները կարող են կանգառ կատարել Շահումյան հրապարակի գծանշված տարածքում։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով երեկ բողոքի ակցիա իրականացրած մասնավոր տուրիստական գործունեություն իրականացնող քաղաքացիներին, որոնք պահանջում էին թույլ տալ նախկինի նման կայանել Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից հատվածում։ Կարապետյանը մասնավորապես նշել է
«Ի գիտություն. Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները: Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»:
Հիշեցնենք, որ երեկ մասնավոր տուրիստական գործունեություն իրականացնող քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետության հրապարակում, իշխանություններից պահանջելով, որպեսզի թույլ տան իրենք մեքենաները կայանեն հրապարակի հարակաից հատվածում։ Ավելի ուշ նրանք ավտոերթով շարժվեցին դեպի քաղաքապետարան, որտեղ հանդիպեցին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի եւ քաղաքապետի մամուլի խոսնակի հետ։ Ակցիայի մասնակիցներին առաջարկվեց մինչեւ երեկո սպասել եւ կտեղեկացնեն, թե փոքր կենտրոնում կոնկրետ, որտեղ են նոր տարածք տրամադրելու կայանման համար։ Վարորդները բողոքում էին, որ հնարավոր է այնպիսի տեղ առաջարկեն իրենց, որտեղով տուրիստների հոսք ընդհանրապես չլինի, առանց այն էլ 3 ամիս է չեն կարողնաւոմ գումար վաստակել։











