Ճնշումները չեն կարող խանգարել՝ մեր մասնագիտական ինքնասիրությունը պահպանելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին , լրագրողներին ասացին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները, որոնք կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում՝ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոնի հետ միավորելու կառավարության որոշման դեմ և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։
Աշխատակիցների խոսքով՝ նախորդ ակցիայից հետո կենտրոնի տնօրինության կողմից իրենց նկատմամբ ճնշումներ են եղել, տնօրենի պաշտոնակատարը հրահանգել է իրեն ներկայացնել ակցիային մասնակցած աշխատակիցների ցանկը։
Լրագրողի հարցին՝ մտավախություն չունե՞ն արդյոք, որ նորից ճնշումներ կլինեն, աշխատակիցները պատասխանեցին. «Ճնշում գործադրողը մնում է ճնշում գործադրող, բայց դա պե՞տք է խոչընդոտի մեր մասնագիտական հարցերին և ինքնասիրությա՞նը, դրա համա՞ր էինք մենք դուրս գալիս հրապարակ, Աճառյանի փողոցը փակում, շամպանսկիներ տրաքացնում»։
Աշխատակիցների խոսքով՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց և ազատման դիմումներ գրելուց հետո իրենք սպասում էին, որ նախարարությունից կառուցողական առաջարկ կլինի, սակայն այդպես էլ իրենց հետ ոչ ոք չի զրուցել։











