Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արամ Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին հրավիրում է հանդիպման։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Մխիթարյանը։

«Ես քեզ խաբար էի արել, որ գայիր, չեկար, որովհետեւ տղա չես։ Նորից կանչում եմ քեզ՝ արի, քանի հոգով կուզես՝ արի, հետդ կբերես Արարատ Միրզոյանին, ոստիկանապետին, Քննչականի պետին ու գործով քննիչին։ Ես չեմ թողի, որ քեզ կպնեն»,- ասաց հայրը։

Նա հայտնեց, որ 3 նամակ ունի հանձնելու. «Եթե խոսքս տեղ չհասավ, 3 նամակ ունեմ. մեկը գնա օվկիանոսից էն կողմ, վաղն էլ կիմանաք, թե էն նամակը ուր կգնան»։

«Ձեր ճիվաղ մարզպետը Եղեգնաձոր քաղաքում գարեջուրը ձեռքը իր լրատվամիջոցներով ման է գալիս ու ասում՝ էս գործը չլինի Կառավարությունում ուրիշ գործ կա։ Ձեզ երեւի պետք է այդպիսի մարդ, որը կարող է փոխընգապետ ծեծի։ Մակունց մաքրեք ձեր շարքերից ճիվաղներին, որ ժողովուրդը մի կտոր հավատա ձեզ»,- պատմեց Սամվել Մխիթարյանը։

Հարցին՝ հիմա ինչպե՞ս է իր որդու վիճակը, հայրը պատասխանեց. «Բժիշկները Աստծո ու ժամանակի վրա են հույսը դրել»։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխգնդապետին ծեծելու դեպքով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։