Երբ վարչապետն ասաց՝ կան դավաճաններ, մենք ասացինք՝ ասեք, ովքեր են, բայց հնչեցին ընդհանւոր բնույթի հայտարարություններ: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում ճեպազրույթների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբ ես ասացի վարչապետին՝ ինչու են նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել, ընդ որում գաղտնի, սկսվել է խոսակցություն, որ ախր դուք էլ գիտեք, որ բոլոր նախարարները Սերժ Սարգսյանի ժամանակ ծրարներով փող են ստացել, հիմա չեն ստանում, դրա համար կրկնապատկել ենք:
Հիմա նիստում տիկին Թանդիլյանը հարցրեց՝ պարոն վարչապետ, ովքեր են ծրարներով փող ստացել, եւ այդ ծրարով փող ստացողների մի մասը ձեր կաբինետում են, հարցրե՞լ ենք իրենց՝ ծրարով փող ստացել եք, թե ոչ: Ասենք, Ջանջուղազյանը ծրարով փող ստացե՞լ է, թե ոչ: Եթե ստացել է, վարչապետը գիտի՞, որ ստացել է, նորմա՞լ է, որ այս կաբինետում է աշխատում ՀՀԿ-ից հետո: Եթե չի հարցրել, ինչու է նման բան հայտարարում: Կամ եթե Ջանջուղազյանը ծրարով փող չի ստացել, կարո՞ղ է տեսել է, թե ով է ստացել:
Այսինքն մենք հարցնում ենք, դուք համերա՞շխ եք ծրարով փող ստացողների հետ: Տպավորություն է, որ բոլորի հետ համերաշխ են, բացի ընդդիմությունից: Ծրարով փող ստացողների հետ համերաշխ են, թալանչիների հետ համերաշխ են, բայց մեր հետ համերաշխ չեն»,-ասաց Մարուքյանը:











