ԱԱԾ նախկին տնօրենին խնդրել եմ, որ մինչեւ իրենց աշխատանքի ընդունելը իրենց մասին տեղեկություն իմանա, մերժում եմ ստացել, ասել է, որ օրինական չի դա. այդքանով սահմանափակվել ենք։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանը։
Նշենք, որ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր Սանասարյանը հայտարարեց՝ ինքը տեղյակ չի եղել, որ Զորաշեն» ՍՊԸ-ն պատկանել է Սամվել Ադյանին, եւ, որ տեղեկություն չի ունեցել, թե իր աշխատակիցները բիզնեսով են զբաղվում. «Քրեական գործով եմ իմացել, որ իրենց զբաղվել են բիզնեսով»։
Հարցին՝ արդյոք ինքն իրեն խաբվա՞ծ է զգում, Սանասարյանն ասաց. «Էականը դա չէ, այլ այն, որ անկախ ամեն ինչից, այն գործունեությունը, որը ծավալել ենք՝ սպասարկել ենք պետության շահը։ Երբ Ադյանն ու մյուսները կխոսեն, այն ժամանակ էլ որեւէ եզրահանգման կգանք»։
Սանասարյանը շեշտեց, որ իրենց աշխատանքի արդյունքում պետությունը շահել է.
«Մեր աշխատանքի արդյունքում պետությունը շահել է, այդ թվում՝ դիալեզի գործով է պետությունը շահել։ Բացի այն, որ խախտումը արձանագրել ենք ու կասեցրել ենք այդ ընթացքը, նաեւ ավելի քան 250 միլիոն դրամ պետությունը դիալեզի գնումների արդյունքում շահել է։ Բայց իմ լիազորությունները կասեցվել են հենց դրա համար. քրեական գործի հիմքում դա է ընկած»։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:











