Քաղաքագետ Կարեն Բեքարյանը կտրականապես համաձայն չէ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին կարծիքների հետ: «Ես կցանկանայի, որպեսզի հասարակությունը սկսի տարբերակել հեռահար օրակարգը գոյություն ունեցողից: Այս իշխանություններն անընդհատ հորինում են դրանք, որպեսզի շեղեն, աշխատանքի իմիտացիա ստեղծեն դրա բացակայության պայմաններում: Այժմ վարչապետը զբաղված է այն միակ բանով, որ իր մոտ լավ է ստացվում` հանրահավաքներ եւ աղմուկ, որոնք կոնկրետ քայլեր չեն ենթադրում»,- ասաց Բեքարյանը լրագրողների հետ զրույցում` հավելելով, որ կեղծ օրակարգը չի կարող իրական ռիսկեր չառաջացնել:

Որպես օրինակ նա նշեց այն փաստը, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով, զանգվածային միջոցառումներ են չեղարկվում,  իսկ Հայաստանում հանրահավաքներ են անցկացվում: «Եկեք չշփոթենք խուճապն աշխատանքի հետ: Բայց արդյո՞ք խուճապի բացակայությունը պետական ապարատի աշխատանքի բացակայություն է ենթադրում: Տեսեք, թե ինչպես են աշխատում կառավարական ապարատներն այլ երկրներում: Ինչպե՞ս ենք մենք պատկերացնում աշխատանքը: Թու-թու-ու, մարտահրավերը չեզոքացվի՞»,- նշեց Բեքարյանը` իշխանությունների պահվածքն անպատասխանատու անվանելով:

Ըստ նրա` հանրաքվեի գաղափարը արհեստական օրակարգի վառ օրինակ է. «Մենք բոլորս ներգրավված ենք մի խաղի մեջ, որտեղ իրական խնդիրները հանել են հետին պլան, իսկ արհեստական խնդիրները, որոնք ծառայում են մեկ մարդու քմահաճույքին, առաջին պլանում են: Սա աննորմալ իրավիճակ է »:

Խոսելով ՍԴ-ի հետ կապված իրավիճակի մասին, Բեքարյանը նշեց. «Ենթադրենք, որ այս յոթ դատավորները հեռացվեցին: Նոր յոթին նշանակել են այս իշխանությունները: Իսկ ովքե՞ր են հիմա խամաճիկներ: Միշտ իրական մոտիվացիա փնտրեք: Ի՞նչ խնդիրներ են նրանք պատրաստվում բերել ՍԴ, եթե այդքան անհրաժեշտ է, որպեսզի  ՍԴ-ն գրպանային լինի»: