Գեւորգ Մուրադյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակման հիմքերը վիճարկելի են, եւ ես վիճարկելու եմ դատաիրավական կարգով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Միանշանակ է, որ Գեւորգ Մուրադյանը ԿԳՄՍ նախարարության «սրտի» թեկնածուն է: Այս ամենի նպատակը համալսարանի տոտալ վերահսկողություն իրականացնելն է: Նախարարության թեկնածուն էլ Վահրամ Դումանյանն է»,-նշեց նա:

Սողոմոնյանն ասաց, թե նիստի ընթացքում առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի եւ «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գեւորգ Մուրադյանի լիազորությունները, քանի որ նրանց նշանակման ու գործունեության հետ կապված առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ կամ սուբյեկտիվ ու խնդրահարույց մեկնաբանություններ:

«Խորհրդի անդամներից որեւէ մեկի նշանակման հետ կապված իրավական խնդրի դեպքում խորհրդի կողմից կայացվող ցանկացած որոշում առոչինչ է համարվում: Ես հստակ ներկայացրի խորհրդի երկու անդամների՝ Գեւորգ Մուրադյանի եւ Վահան Պապիկյանի նշանակման հետ կապված իրավական բնույթի խնդիրները: Առաջարկս մերժվեց հիմնականում խորհրդի արտահամալսարանական անդամների կողմից, որոնք նշանակված են ԿԳՄՍ նախարարության կողմից»,-ասաց նա՝ նշելով, թե այդուհետ լքել է նիստերի դահլիճը:

«Դուրս եկա խորհրդից, որովհետեւ անիմաստ եմ համարում այս ակնհայտ կրկեսի ու ֆարսի պայմաններում շարունակել իմ գործունեությունը, մասնակցել քննարկումների եւ քվեարկության: Մենք ունենք մի իրավիճակ, երբ արտահամալսարանական անդամները միասնական են, ամեն ինչ հստակ սահմանված, թելադրված է, միաձայն քվեարկում են, եւ եւս 2-3 հոգի էլ համալսարանից է աջակցում նրանց»,-նշեց նա:

Սողոմոնյանի դիտարկմամբ՝ Գեւորգ Մուրադյանը, երբ զբաղեցրել է Հոգաբարձուների խորհրդի պաշտոնը, քաղաքական պատվերով հրավիրված նիստեր են եղել, նա չի պահպանել Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից բխող իր պարտականությունները. «Մուրադյանը պետք է ԵՊՀ-ի շահերից բխող պարտականությունները կատարեր, ոչ թե այլ մարդու ասածը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Լրագրողների թույլ չտվեցին լուսաբանել այն՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 հոգուց ավելի անձ չի կարող գտնվել: Նշենք նաեւ, որ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Գեւորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: