Սկանդալ հայկական ֆուտբոլում՝ քրեական երանգներով։ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները ձերբակալվել են՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Ըստ քննչական կոմիտեի՝ երեկ կեսգիշերին մոտ՝ «Կասկադում» նրանք հայհոյանքներ են հնչեցրել, եղբայրներից մեկը քաշել եւ պոկել է ոստիկաններից  մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ հավաքականի անդամ եղբայրները բերման են ենթարկվել, ապա ձերբակալվել։

Ձերբակալվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը: Քննչական ծառայության խոսնակի փոխանցմամբ, Մկրտչյանը ձերբակալվել է ծառայությունում քննվող գործով, իսկ մանրամասները ավելի ուշ կհրապարակվեն:

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողին»։ Նա կալանավորվել է։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, կամ ինչպես նրան հորջորջում են որոշակի շրջանակներում՝ Սերժի Վաչոյի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ յուրացնելու կամ վատնելու հոդվածով։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին քննչական ծառայությունը կարճել էր Ղազարյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր հարկերից խուսափելուն եւ ապօրինի հարստացմանը։

Ըստ «Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018-ի Հեղափոխությունից հետո  տրանսպորտի փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որն անցած տարվանից զբաղեցնում է Եվրասիական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումների եւ չարաշահումների համար, Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել։

«Լիդիան» ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն  անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։ Ըստ «Լիդիանի»՝ անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժել է Ամուլսարի տարածք՝ քարեր շպրտել տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ, իսկ ագրեսիայի պատճառն այն է, որ «Լիդիանը» երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու մոտ 500 դիմում է ստացել։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիսում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը:  Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ին մոտ՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:  Միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել։

Մարդիկ անդունդի մեջ են, ժողովուրդն այսօր չի ապրում, գոյատեւում է, ցանկացած ոլորտ պլոբլեմի առաջ է, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Գեղարքունիքում ունեցած հանդիպման ժամանակ։  «Ծառուկյանը տեսակետ է հայտնում, ոչ միայն նրա, այլեւ իր թիմակիցների հանդեպ հին գործեր են բացահայտում։ Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձն ու թոշակները կբարձրանան, կբացվեն աշխատատեղեր, Ղարաբաղի հարցը կլուծվի, թող կալանավորեն», ասել է ԲՀԿ նախագահը եւ անդրադարձել վերջերս ընդունված աղմկոտ կոնվենցիաներին։

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ մահացել է 1147 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում երկրում գրանցվել է վիրուսով վարակվելու 31 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 43781-ի: Այս պահին բուժվում է 4912 մարդ:

Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո։ Այս անգամ Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի հուշարձանը, վրան գրություն թողնելով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. նա  արձակուրդում կլինի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ: Այդ ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն Արցախում էր, որտեղ հանդիսավոր պայմաններում կայացել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ Ապրիլյան պատերազմի հերոսներից կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը:

Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահն այցելել են մարտական դիրքեր, ծանոթացել ինժեներական եւ ամրաշինական աշխատանքներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկա են եղել  զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի բացմանը:

Արցախ Փաշինյանը ժամանել էր Սյունիքից, որտեղ հանդիպել է տարբեր համայնքների բնակիչների հետ, զրուցել նրանց հոգսերի մասին։  Ծղուկ համայնքում նա ախտահանել է իրեն բարեւելու մոտեցած 93-ամյա կնոջ ձեռքերը: Վարչապետը նաև քաղցրավենիք է հյուրասիրել տատիկին:

Ուրբաթ երեկոյան  էլ Սարդարապատի հուշահամալիրում կայացել է Տավուշի հաղթական մարտերի հերոսներին պարգեւատրելու արարողությունը։ Կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի՝ Հայրենիքի շքանշանին, Տավուշի սահմանը պաշտպանած 3-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանին։ Պարգեւատրվել են նաեւ արիությամբ աչքի ընկած այլ զինվորականներ։  Հանրային մի խումբ դեմքեր, այդ թվում իրավաբաններ, նկատել են, որ պետական բարձր պարգեւների շնորհման եւ հանձնման բացառիկ իրավունքը հանրապետության նախագահինն է։

Արդեն արձակուրդում վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքյան  եթեր է մտել եւ տեղեկացրել, թե ուղիղ եթերում է, քանի որ, նրա խոսքով, տեսարանի վայելումը չէր կարող չկիսել։ «Գտնվում են Հայոց արքա Աշոտ Երկաթի բերդում, որը Իջեւանից մոտ 7 կմ հեռավորության վրա է: «Սա մեր հայրենիքն է: Մեր արքաների, մեր պետականության մեզ ժառանգած հայրենիքը», ասել է նա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զենքերը վայր չի դնում ոչ միայն փոխաբերական, այլեւ ուղղակի իմաստով։ Նա Անկախության պաատից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին։ Հիշեցնենք, որ հանգստյան օրերին ցուցարարների բազմությունը շարժվել էր դեպի նախագահի նստավայր, որը շրջափակված էր ուժեղացված պաշտպանությամբ։ Լուկաշենկոյի կողմնակիցներն էլ ավտոերթ էին կազմակերպել։

Մինսկի կենտրոնում նաեւ բախում է տեղի ունեցել չարտոնագրված հանրահավաքի մասնակիցների եւ ուժայինների միջեւ։ Այնուհետեւ մի քանի մարդու նստեցրել են առանց պետհամարանիշերի ավտոբուսներ եւ տարել։

Մահացել է օգոստոսի 26-ին Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից ծանր այրվածքներ ստացած 41-ամյա Էդգար Մ-ն։ Հիշեցնենք, որ պայթյունից զոհվել էր 56-ամյա մի տղամարդ մահացել էր, երկու մարդ էլ հոսպիտալացվել էին, այդ թվում այսօր մահացածը:

Կիրակի տեղի է ունեցել վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը համալրած երիտասարդների հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Ներկաները պետության երրորդ նախագահին ուղղել են կուսակցության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են մեր երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձը: «Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան  է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, գործընկերային կապերի ամրապնդման գործում«, գրել է Պուտինը:  Ավելի ուշ Դաշնության նախագահը նաեւ զանգահարել է նախկին պաշտոնակցին։

Վերջին օրերին ֆեյսբուքյան փոթորիկ էր բարձրացել Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Ֆուտբոլի ազգային թիմի ավագը նշել էր, թե հավաքականի առաջիկա հավաքին չի կարող միանալ մարզավիճակի պատճառով եւ խոստացել հաջորդին ներկա լինել ու խաղալ ամբողջ ուժով։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը կոչ է արել և խնդրել աջակցել  Մխիթարյանին: «Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են ֆուտբոլին ու մեր հայրենիքին նրա ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող խոսքեր», գրել է Հայրապետյանը եւ վստահեցրել, որ Հենրիխը կարող էր հավաքին չմիանալ միայն անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով եւ կազմել 487.20 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.32 դրամով ու հասել 580.55 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.95 դրամով ու հասել 648.61  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով ու կազմել 6.61 դրամ:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, ապա  կսկսի նվազել: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36: