«Իմ քայլը» խմբակցությունում հանդիպում եղել է ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Հաշվի առնելով, որ վճռաբեկ դատարանի ններկայացուցիչները հրավիրյալի կարգավիճակով մասնակցում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերին, մենք պարոն Խունդկարյանի հետ բազմաթիվ հարցեր ենք քննարկել: Հարցեր որպես այդպիսին նրան չեմ ուղղել, քանի որ բավական երկար եմ ճանաչում պարոն Խունդկարյանին:
Թեկնածության քննարկումը ԱԺ-ում հենց դրա համար է նախատեսված, որ պատգամավորների մոտ ձեւավորվի ընկալում, թե արդյոք այդ անձը համապատասխանում է ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար, թե ոչ, արդյոք դա այն մարդն է, ում տեսնում ենք ՍԴ դատավորի պաշտոնում: Մենք հնարավորություն կունենանք լսել թեկնածուներին, ստանալ սպառիչ պատասխաններ, իսկ քվեարկությունը գաղտնի է, դրա համար որեւէ բան չեմ կարող ասել»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք «Իմ քայլը» միասնական է քվեարկելու, Վարդանյանը նկատեց, որ գաղտնի քվեարկության պարագայում միասնական քվեարկության մասին խոսելը հակասահմանադրական է. «Երբ մարդը մնում է քվեատուփի մոտ, ինքն է եւ իր սեփական համոզմունքը: Թե ինչպես է քվեարկում պատգամավորը, դա իր սեփական համոզմունքի հարցն է, հետեւաբար այս կարգի հարցեր անգամ չպետք է ուղղվեն: Դա նույնն է, որ ընտրությունների ժամանակ ընտրողին հարցնեք, թե ինչպես է քվեարկելու»:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը բավական դրական մթնոլորտում է անցել. «Հարցերին սպառիչ պատասխաններ տրվել են»:
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահի կողմից ՍԴ թեկնածու է առաջադրվել Արթուր Վաղարշյանը, որի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար արդեն մեկ անգամ մերժվել է ԱԺ-ում, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Դա նախագահի սահմանադրական իրավունքն է, իսկ ԱԺ-ի իրավունքն է որոշել, թե արդյոք այդ անձը համապատասխանում է այդ պաշտոնի համար, թե ոչ: Կարող է նոր մոտեցումներ ներկայացնի պարոն Վաղարշյանը եւ ի վերջո, մենք պետք է հասկանանք նրա պարագայում, թե ինչպիսին է նրա տեսլականը ՍԴ դատավորի կարգավիճակի հետ կապված»:











